ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Ղափամա
Ղափաման լցոնած դդումով պատրաստվող ավանդական հայկական ուտեստ է, որը խորհրդանշում է առատություն և բարիք։
Ըստ ազգային ավանդույթի՝ հարսանյաց սեղանին ղափաման մատուցվում էր որպես բարեբերության նշան։ Ուտեստը պատրաստելու համար դդումի վերին մասը կափարիչանման կտրվում է, իսկ միջուկը սերմերի հետ միասին՝ հեռացվում։ Դդմի պատերը ներսից պատվում են կարագով, այնուհետև լցոնվում բրնձով, չրերով, թարմ մրգերով, ընդեղենով, և համեմվում մեղրով, շաքարով ու դարչինով։ Լցոնված դդումը փակում են կափարիչով և դնում ջեռոց՝ մինչև այն լիովին փափկի ու դառնա ոսկեգույն։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական կոնյակ՝ հավերժական ավանդույթ
Հայկական կոնյակը պատրաստվում է Արարատյան դաշտավայրում աճեցված ընտիր խաղողից։ Այս թունդ և ազնվական խմիչքը աշխարհում հայտնի է իր բացառիկ որակով, նուրբ համով և դարավոր ավանդույթներով: Հայկական կոնյակի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից, երբ հայ ձեռնարկատերերը որոշեցին ստեղծել սեփական տարբերակը՝ ներշնչվելով ֆրանսիական կոնյակի արտադրության փորձից: Օգտագործելով տեղական խաղողի տեսակները և պահպանելով թորման ավանդական մեթոդները՝ նրանք ձևավորեցին հայկական ոգելից խմիչքի այն յուրահատուկ ոճը, որը հետագայում համաշխարհային ճանաչում ունեցավ:
Հայաստանում կոնյակի արտադրության համար հիմնականում օգտագործում են տեղական՝ էնդեմիկ խաղողի տեսակներ: Պայմանավորված կոնյակի տարիքով և տեսակով՝ հայկական կոնյակները բաժանվում են երեք խմբի՝ սովորական, տեսակավոր և կոլեկցիոն։ Վերջինները ամենաթանկն ու շքեղներն են. դրանք լրացուցիչ հնեցվում են առնվազն երեք տարի՝ կաղնու տակառներում, ինչի շնորհիվ ձեռք են բերում արտահայտիչ համ ու բույր: