ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Հայկական լավաշ. մշակութային և խոհարարական հաճույք զբոսաշրջիկների համար
Հայկական ավանդական լավաշը ոչ միայն հայկական խոհանոցի անբաժանելի մասն է, այլև մշակութային ժառանգության կարևոր խորհրդանիշը։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, որպես հայ ժողովրդի ինքնության և միասնության խորհրդանիշ։ Այն կարևոր դեր է ունեցել նաև հայոց պատմության մեջ։
Պատերազմների և գաղթերի ընթացքում եղել է սննդի անփոխարինելի աղբյուր՝ հեշտ տեղափոխելի, երկարատև պահման համար հարմար և սննդարար։ Լավաշը դարձել է կյանքի, տոկունության և հույսի խորհրդանիշ, որը միավորել է սերունդներին և դարձել ազգային ինքնության անբաժանելի մասը։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական բուսական թեյ՝ համեղ և բուժիչ ավանդույթ
Հայաստանը պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով հարուստ երկիր է, և այդ ավանդույթների անբաժանելի մասն է բուսական թեյի օգտագործումը։ Դարեր շարունակ հայկական բուսական թեյը եղել է և՛ համեղ, և՛ բուժիչ ըմպելիք՝ միավորելով բնության ուժն ու ժողովրդական իմաստությունը։ Հայկական թեյերը պատրաստվում են տարբեր բույսերի թարմ կամ չոր ծաղիկներից, տերևներից, սերմերից, մրգերից ու արմատներից։ Ամենահայտնի թուրմերն են՝ ուրցը, անանուխը, լորենին, երիցուկը, նուռը և այլն: Տեղացիների ամենասիրելիներից մեկը դաղձով կամ ուրցով թուրմն է, կամ էլ՝ երկուսը միասին: Բուսական թեյերը բացի համեղ լինելուց, ունեն նաև բազմաթիվ առողջարար հատկություններ։ Դրանք տարբեր հիվանդություններ բուժելու բնական և արդյունավետ միջոց են, և դրանց օգտագործումը խորապես արմատավորված է հայկական մշակույթում և ավանդույթներում: Երիցուկը հանգստացնում է նյարդային համակարգը և օգնում է թեթևացնել սթրեսը, անանուխը բարելավում է մարսողությունը, եղեսպակը հայտնի է հակաբորբոքային ազդեցությամբ, կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավն ու հազը, ուրցը ամրապնդում է իմունային համակարգը։