ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստ է՝ տաք, հագեցնող և խորհրդանշական։ «Խաշ» անվանումը առաջացել է հայերեն «խաշել» բառից, ինչը բնութագրում է ուտեստի պատրաստման հիմնական եղանակը։ Այս բառից են առաջացել նաև նմանատիպ այլ անուններ՝ խաշլամա, խաշու, խաշիլ։ Խաշը հիշատակվում է դեռևս 11-րդ դարում՝ Գրիգոր Մագիստրոսի «Ջերմանց մխիթարություն» աշխատությունում։
Խաշ պատրաստելը մի ամբողջ ծես է, երբ տղամարդիկ հավաքվում են երեկոյան և ամբողջ գիշեր՝ ցածր կրակի վրա, եփում տավարի ոտքերից պատրաստվող ապուրը։ Այն ավանդաբար մատուցվում է վաղ առավոտյան՝ հիմնականում աշնանը, ձմռանը և գարնան սկզբին։ Խաշի սիրահարներն անհամբեր սպասում են անվանման մեջ «ր» տառը պարունակող ամիսներին` սեպտեմբերից ապրիլ։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Բացահայտեք հայկական գարեջրի յուրօրինակ աշխարհը
Հայաստանն առավել հայտնի է իր կոնյակի և գինու մշակույթով, այդուհանդերձ, վերջին տարիներին երկրում արագ զարգանում է նաև արհեստագործական (քրաֆթ) գարեջրի մշակույթը, որը դառնում է նոր հետաքրքիր ուղղություն ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
Գարեջրի արտադրությունը Հայաստանում ունի հնագույն պատմություն։ Դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում հույն փիլիսոփա Քսենոփոնը, իր «Անաբասիս» աշխատության մեջ, նկարագրում է, թե ինչպես է Հին Հայաստանի գյուղերից մեկում տեսել գարու ըմպելիք՝ պահված կավե անոթներում։ Նա պատմում է. «Կավե անոթներում պահվում էին ցորեն, գարի և գարու ըմպելիք։ Խմիչքի մեջ լողում էին գարու հատիկներ, իսկ անոթի վերին մասում խրված էին եղեգներ, որոնց միջոցով մարդիկ խմում էին խմիչքը։ Ջրի հետ չխառնված գարեջուրը շատ թունդ էր, բայց տեղացիների համար այն հաճելի էր և սիրված»։ Այս վկայությունը փաստում է, որ գարեջուրը հայկական մշակույթում հայտնի է դեռ հազարամյակներից ի վեր։