ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Երևան քաղաքի աշխարհագրական հարմարավետ դիրքի և հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք խաչմերուկում գտնվելու շնորհիվ, օտարերկրյա ճանապարհորդները Հայաստանով անցնելիս մշտապես կանգ են առել այստեղ և միջնադարյան Երևանի նրանց նկարագրություններն այսօր տեղեկատվության կարևոր աղբյուր են: 17-րդ դարում Երևանում հիշատակվել են մի շարք իջևանատներ, իսկ 19-րդ դարից սկսած, քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շենքերի 1-ին և 2-րդ հարկերը վերածվել են հյուրանոցների կամ հյուրատների, որտեղ իջևանել են քաղաք այցելած օտարերկրացիները: Նշված ժամանակաշրջանում քաղաքում գործում էին «Գրանտ հոթել», «Մարսել», «Լիոն», «Արևելք», «Վիեննա»,«Ֆրանսիա», «Լոնդոն» և այլն։
Երևանում այժմ գործում է ավելի քան 200 հյուրանոց՝ սկսած պարզ, բայց հարմարավետ համարներից մինչև մրցանակակիր բուտիկ հյուրանոցներ: Marriott International, Radisson Hotel Group, Hilton, Accor, Best Western, Holiday Inn, Ramada by Wyndham և այլ հայտնի բրենդային հյուրանոցային ցանցեր ևս առկա են:
Քաղաքի բազմաթիվ հյուրանոցներ առաջարկում են կոնֆերանսների և հանդիպումների ամբողջովին կահավորված հարմարավետ սրահներ, որոնք բավարարում են բիզնեսի ոլորտի գրեթե բոլոր պահանջները: