ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

Անգլիական Այգի


Անգլիական այգին (Երևանի թատերական այգի կամ Կոմայգի) Երևանի առաջին հասարակական զբոսայգին է։ Այն Երևանի ամենահին կանաչ տարածքներից մեկն է: Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին` միանգամից դառնալով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրը:

1898թ. քաղաքագլուխ ընտրված Իսահակ Մելիք-Աղամալյանն այգում լուրջ բարեփոխումներ է կատարել: Այնուհետև այգու բարեկարգման գործը շարունակել է Իսահակի եղբայրը` նոր քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանը։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվել են Ռուսաստանից և Լեհաստանից, որոնք հիմնականում կաղնու ծառեր էին։ 

Այգին կառուցվել և բարեկարգվել է եվրոպական ձևով և հավանաբար, դա էր պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանց կարծիքով, այգին այդպես է կոչվել ի պատիվ այն բարեկարգող օտարերկրացիների, իսկ ամենահավանական վարկածն այն է, որ վերևից դիտելիս՝ այգին իր անցուղիներով նման է անգլիական դրոշին։ 

Անգլիական այգին անվանում են նաև «Թատերական», քանի որ հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։

Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, «Անգլիական այգին» վերածվել է զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանվել է 26 կոմիսարների անունով, որը` երևանցիների կողմից կրճատվելով, դարձել է «Կոմայգի»։  

Այգին նորոգվել է 1919 թվականին, 1920 թվականին Անգլիական այգում կայացել է Հայաստանի նորագույն պատմության ֆուտբոլային առաջին հանդիպումը՝ Երևանի և Ալեքսանդրապոլի (ներկայումս Գյումրի) թիմերի միջև: 

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս այս տարածքում տեղակայված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը)։ 

Այգում տեղադրված են Ջրավաճառ տղայի (1970), Գաբրիել Սունդուկյանի (1972), նրա նույնանուն կատակերգության հերոս Պեպոյի (1976) արձանները։ 

2000-ականների սկզբին այգին կորցրեց իր տարածքի մեծ մասը: Նոր ճանապարհը՝ Իտալիայի փողոցը, կտրեց նրա հյուսիսային կողմը՝ մեկուսացնելով այգու մի մասը: Նոր ճանապարհի մայթին մի շարք շենքեր կառուցվեցին՝ Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:

Մեկուսացված հատվածը հետագայում վերակառուցվեց որպես Երևանի 2800-ամյակի այգի:

Անգլիական այգում է գտնվում պլանետարիումը, որը բացվել է 2020 թվականին: Այստեղ ցուցադրվում են ֆիլմեր՝ տիեզերքի ծագման, աստղերի, մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:


Իտալիայի փողոց
+37410 448 805