ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆ


1936, 1960-ական թթ.


Պետ. ցուցիչ՝ 1.11.19
Պանթեոնի հուշապատ – ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան
Գերեզմանաքարեր – ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Ստեփան Քյուրքչյան, Ռոմեո Ջուլհակյան, Սաշուր Քալաշյան, Գրիգոր Աղաբաբյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան
Քանդակագործներ՝ Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերդինանդ Առաքելյան, Արա Շիրազ, Գետիկ Բաղդասարյան, Սարգիս Բաղդասարյան, Էմին Պետրոսյան, Լևոն Թոքմաջյան

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը գտնվում է Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր հատվածում՝ Արշակունյաց պողոտայում։ Այստեղ ամփոփված են հայ անվանի գիտնականների, մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների աճյունները։ Այգին տուֆակերտ արևմտյան եզրապատով սահմանազատված է բնակելի տներից, իսկ հյուսիսային և հարավային եզրապատերով՝ զբոսայգու տարածքից։

Մինչև 1930-ական թթ. կեսերը զբոսայգու տարածքը զբաղեցրել է քաղաքի հին՝ «Մլեր» անվամբ հասարակական գերեզմանատունը, որտեղ կատարվել են ոչ միայն հայ, այլև ռուս հանգուցյալների թաղումներ։ Այստեղ՝ եղբայրական գերեզմանում, հուղարկավորվել են նաև Սարդարապատի ճակատամարտի (1918 թ. մայիս) հերոսները։

1900 թ. ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվել է գերեզմանատան խաչաձև հատակագծով փոքր, գեղեցիկ և գմբեթավոր եկեղեցին, որը Բորիս Մեհրաբյանի՝ 1906–1911 թթ. կազմած Երևանի հատակագծում ներկայացված է «Церковь Кладбищенская» անվամբ։ Եկեղեցին քանդվել է 1935 թ.։ Դրա հիմքերը հայտնաբերվել են զբոսայգու տարածքում հետագայում կառուցված շատրվանների շինարարության ժամանակ։

1930 թ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ գերեզմանատունը փակվել է, և դրա տեղում հիմնադրվել է զբոսայգի։ Հանգուցյալների ազգականներն իրենց հարազատների աճյունները տեղափոխել են այլ վայրեր։ Նույն թվականի գարնանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի առաջարկությամբ այգու մի հատվածը՝ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի գերեզմանի շրջակայքը, վերածվել է «Գրողների և արվեստի գործիչների գերեզմանատան»։ 1935 թվականից՝ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի հուղարկավորումից հետո, գերեզմանոցն անվանել են «Գրողների և մշակույթի գործիչների պանթեոն»։

1936 թ., իր մահվանից մեկ տարի անց, այստեղ է վերահուղարկավորվել Կոմիտասը։ 1936–1957 թթ., մինչև Ավետիք Իսահակյանի մահը, պանթեոնը փակ է եղել, և այնտեղ թաղումներ չեն կատարվել։

1955 թ. հոկտեմբերին՝ Կոմիտասի մահվան 20-րդ տարելիցի առիթով, պանթեոնում կանգնեցվել է Կոմիտասի մահարձանը (պանթեոնի առաջին մահարձանը, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան), որից հետո զբոսայգին կոչվել է Կոմիտասի անունով, իսկ 1961 թվականից՝ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի հուղարկավորումից հետո, պանթեոնն անվանվել է «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն»։

1960-ական թթ. սկսվել է պանթեոնի բարեկարգումը։ 1969 թ. կառուցվել է պանթեոնի տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային եզրապատը։ Շինարարական աշխատանքների ընթացքում պանթեոն են տեղափոխվել նաև այգու տարբեր մասերում թաղված հայ մեծերի աճյունները։ Պատրաստվել են նոր տապանաքարեր, բարեկարգվել են գերեզմանները և ամբողջ տարածքը։

1993 թ. Երևանի թիվ 5 հացի գործարանի միջոցներով կառուցվել է պանթեոնը բնակելի տներից սահմանազատող արևմտյան եզրապատը։ 1998–1999 թթ. կառուցվել է գերեզմանատան հարավային եզրապատը։ Նույն ժամանակաշրջանում քանդվել են պանթեոնի միջնապատը և բետոնե բեմահարթակը, իսկ ջրավազանը լցվել է հողով։

2005 թ. պանթեոնի տարածքում իրականացվել են նորոգման և բարեկարգման աշխատանքներ։

Պանթեոնում թաղված են հնագետ, բանահավաք, ազգագրագետ Երվանդ Լալայանը, պատմաբան, գրող, գրականագետ Լեոնը (Առաքել Բաբախանյան), ճարտարագետ-հիդրոտեխնիկ, Երևանի առաջին ջրմուղի կառուցող Սահակ Լիսիցյանը, պատմաբան, բանասեր Հակոբ Մանանդյանը, գրողներ Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Շիրազը, Պետրոս Դուրյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վիլյամ Սարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը, երգահան, խմբավար Արամ Խաչատրյանը, Ռոմանոս և Սպիրիդոն Մելիքյանները, նկարիչներ Վրթանես Ախիկյանը, Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մարիամ Ասլամազյանը, ճարտարապետներ Թորոս Թորամանյանը, Ալեքսանդր Թամանյանը, հայ կինոյի և թատրոնի գործիչներ՝ Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Սերգեյ Փարաջանովը, Արուս Ասրյանը, ՀՀ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը և այլոք:

Պանթեոնի տարածքից դուրս՝ զբոսայգու կենտրոնական մուտքի մոտ, իր նախնական տեղում պահպանվել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը։


Արշակունյաց պող.