ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը համարվում է Երևան այցելող զբոսաշրջիկների և աշխարհասփյուռ հայերի կողմից ամենաշատ այցելվող վայրերից:


Հուշահամալիրը  կառուցվել է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որը խորհրդանշում և մարմնավորում է 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից: Այստեղ է գտնվել հայոց դիցարանի սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել սիրեցյալ Վահագն աստծուն:
Հուշահամալիրը հանդիսանում է ժամանակակից Երևանի ճարտարապետության անբաժան մասը: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` այն ներդաշնակ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից փրկված ազգի ոգին:
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք, բաղկացած է երեք հիմնական կառույցներից՝ Հավերժության տաճար (Հիշատակի դահլիճ), «Վերածնվող Հայաստան» հուշասյուն (Վերածննդի կոթող) և Սգո հուշապատ: Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը` Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ։ Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու ու կես տարում,  հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967թ.-ի նոյեմբերի 29-ին։ 

Հիշատակի դահլիճը բազալտե 12 խոնարհված և շրջանաձև դասավորված մույթերով 30մ տրամագծով տարածություն է: Եվ քանի որ կորստի ցավն այսօր էլ կենդանի է հյուրաքանչյուր հայի սրտում, չսպիացող վերքի պես, ճաքած և իբրև վշտով լի անդունդ դահլիճի կենտրոնում անմար վառվում է զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Մույթերն իրար են միացնում աստիճաները, որոնք բոլոր կողմերից իջնում են դահլիճ։
Հիշատակի դահլիճին հակադրված է 44 մետր բարձրությամբ սրածայր, վերասլաց սյունը, որը նշանավորում է հայերի ու Հայաստանի կամքն ու վերածնունդը։
Подробнее: https://shabat.am/am/article/128417/TSitsernakaberd-hushahamaliri-12-syuneri-khorhurdy
Համալիրի կենտրոնական հատված հասնելու համար այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե սգո հուշապատի կողքով, որի վրա փորագրված են հայկական՝ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների անուններ, որտեղ կազմակերպվել էին հայերի ջարդն ու տեղահանությունը։ 1996թ.-ից հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրել էին ընդդեմ թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությանը: Նրանց թվում են Ֆրիտյոֆ Նանսենը, Բենեդիկտոս XV-պապը, Ջակոմո Գորինին, Անատոլ Ֆրանսը, Ջեյմս Բրայսը, Յոհաննես Լեփսիուսը, Ֆրանց Վերֆելը, Արմին Վեգները, Հենրի Մորգենթաուն, Հեդվիգ Բյուլը, Ֆայեզ ալ Ղուսեյնը, Կարեն Եփփեն, Յակոբ Կյունցլերը, Բոդիլ Բյորնը, Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կլարա Բարտոնը:
1988-1990թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կողմից կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի:
1990-1992թթ. հուշապատին կից ամփոփվեցին հայ-ադրբեջանական առաջին հակամարտության հետևանքով զոհված հերոսների աճյունները։
1995թ.՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդում բացվեց ստորգետնյա թանգարան, որտեղ ներկայացվում է 1915թ․ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների ահասարսուռ պատմությունը։ Այնտեղ կարելի է տեսնել նաև գերմանացի լուսանկարիչների, այդ թվում՝ Արմին Վեգների, մի շարք լուսանկարներ և հրատարակչություններ։
Թանգարանին մոտ գտնվող պուրակում, ըստ ընդունված արարողակարգի, այցելում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, տնկում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անվանական ծառեր։
Հուշահամալիրը դարձել է ուխտատեղի, և ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հայ և օտարազգի հարյուր հազարավոր այցելուներ, պաշտոնական պատվիրակություններ՝ աշխարհի տարբեր երկրներից, այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ 


Ծիծեռնակաբերդի խճուղի 8