ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԱՏԵՂԻ ՇԵՆԳԱՎԻԹ
Մ.թ.ա. IV-III հազարամյակներ
Պետ. ցուցիչ՝ 1.11.2
Երևանի հարավարևմտյան մասում է՝ Հրազդան գետի, այժմ՝ Երևանյան լճի հարավային, ձախափնյա բլուր-հրվանդանի տափարակ գագաթին և լանջերին: Բաղկացած է բազմաշերտ բնակատեղիից և դամբանադաշտից:
Շենգավիթը վաղ
բրոնզի դարի առանցքային, համամարդկային
արժեք ներկայացնող հուշարձաններից է: Հիմնադրվել է մ.թ.ա. IV հազարամյակում,
գոյատևել ավելի քան 1000 տարի՝ մինչև մ.թ.ա. III հազարամյակի կեսը: Մ.թ.ա. 2900-2700 թթ. հրվանդանի գագաթի պարագծով կառուցվել են քարակերտ,
2-4 մ լայնությամբ պարսպապատեր: Շենգավիթը եղել է անընդմեջ զարգացող երկրագործական, անասնապահական, մետաղագործական, կրոնական և առևտրա-արտադրական խոշոր կենտրոն՝ շրջապատված արբայնակ
գյուղերով: Ոչ վաղ անցյալում, նախքան Երևանյան լճի կառուցումը, տեղում Կողբ
գյուղն էր՝ իր այգիներով և մշակելի հողատարածքներով:
Վաղ բրոնզի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհում զարգացման բարձր մակարդակի է հասել ոռոգովի երկրագործությունը, որի մասին վկայում էն պեղումների ժամանակ հայտնաբերված գյուղատնտեսական գործիքների աննախադեպ քանակը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների՝ քարից պատրաստված ծայրակալներ, մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր, որոնք փայտե կամ ոսկրե հիմքերին են ամրացվել բիտումի միջոցով, ծակոտկեն բազալտից նավակաձև աղորիքներ, գետաքարերից ծեծիչներ, սանդեր, հավանգներ և այլն:
Շենգավթում հնագիտական հետազոտություններն սկսվել են 1936-1938 թթ. և շարունակվում են առ այսօր: Պարզվել է, որ Շենգավիթն ունեցել է առնվազն 500-700 տուն՝ մոտավորապես 5000-6000 բնակչությամբ: Քաղաքատեղիի տարբեր հատվածներում փաստագրվել են արհեստավորների գործունեության հետքեր՝ մետաղի և քարի մշակման արհեստանոցներ, հացահատիկի պահեստարան-հորեր: Շենգավիթը կառուցապատման, ճարտարապետական հուշարձանների առկայությամբ և կրոնական բարդ համակարգով (2012 թ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող տաճար) դասվում է Հին Արևելքի հայտնի քաղաքային բնակավայրերի շարքը:
Պեղումների արդյունքում դեպի Հրազդանի կիրճն ուղղված հյուսիսային և արևմտյան կողմերում բացվել է եռաշարք դարավանդ-հենապատերից կազմված պարսպաշղթան՝ հզորացված հատակագծում ուղղանկյուն որմնահեց-աշտարակներով: Աշտարակներից մեկով Հրազդան գետն է իջել սալաքարերով կառուցված և հողով ծածկված-քողարկված, 30 մ երկարությամբ և 1,5 մ բարձրությամբ գաղտնուղին (մ.թ.ա. III հազարամյակ, պետ. ցուցիչ՝ 1.11.2.1):
Քաղաքատեղին շրջապատող պարսպապատից դուրս, լքված
արվարձանում տարածվում է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսով թվագրվող դամբարանադաշտը: Մինչ այժմ
հայտնաբերվել է 15 թաղում: Տարածված էր դիամասնատման ծեսը: Խորացված սոցիալական
շերտավորման մասին են վկայում դամբարաններում հայտնաբերված ոսկուց, արծաթից,
բրոնզից, սարդիոնից, հասպիսից, մարմարից, տրավերտինից, կրաքարից, տուֆից, ոսկորից,
ծովային խխունջներից, հախճապակուց և ապակուց պատրաստված զարդերը և ուլունքները:
Դամբարանների պեղումներից հայտնաբերված կոթողներից է մ.թ.ա. III հազարամյակով
թվագրվող ֆալլոսը՝ տեղադրված թանգարանի առջև: Այն ներքևում լայն, վերնամասում նեղացող
քար է՝ ֆալլիկ ավարտով: Կերտված է գորշ տուֆից,
ունի 210 x 60 x 40 սմ չափեր: Ֆալլոսների
պաշտամունքը, կապված արական պտղաբերության պաշտամունքի հետ, լայնորեն տարածված էր
Հին աշխարհի
վաղ երկրագործական և վաղ բրոնզի դարի մշակույթներում: Շենգավթյան կամ կուր-արաքսյան կոչվող վաղ
բրոնզի դարի մշակույթում այն արտացոլվել է սեռական շեշտված նշաններով՝ տղամարդկանց
արձանիկներում, շարժական և տեղում ամրացված թրծակավե պաշտամունքային օջախների
ռելիեֆ քանդակներում (Կարազ, Հառիճ, Շենգավիթ, Օրխևի և այլն):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան