ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՖԱԴԵՅ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.206.6

Տունը գտնվում է Արամի փողոցում։

Սկզբում այն պատկանել է Թիֆլիսի բնակիչ Գրիգոր Տեր-Նիկողոսյանին։ Շենքը եղել է մեկհարկանի՝ կառուցված տուֆ քարից։ Տանիքը ծածկված է եղել թիթեղով։ Հատակն ու պատշգամբը եղել են փայտից, իսկ առաստաղը՝ գաջով սվաղված։

1901 թվականին Տեր-Նիկողոսյանը տունը վաճառել է Ֆադեյ Թադևոսյանին, ով հետագայում՝ 1910–1911 թվականներին, կառուցել է երկրորդ հարկը։ 1923 թվականին շենքը ազգայնացվել է և հանձնվել նորաստեղծ կոնսերվատորիային, որն այստեղ գործել է մինչև 1930-ականների վերջը։ 1930-ական թվականներին շենքին ավելացվել է երրորդ հարկը։ Հետագայում՝ մինչև 1964 թվականը, շենքում գործել է հեռակա մանկավարժական ինստիտուտը (հետագայում՝ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ)։

Շենքն ունի Г-աձև հատակագիծ՝ 23.6 × 18.9 մ չափերով։ Հիմնական մասնաշենքում սենյակները դասավորված են երկու առանցքով, որոնք ուղղված են դեպի հարավ-արևմուտք՝ Արամի փողոցի կողմը։ Կողային թևում սենյակները նույնպես երկշարք են և հիմնական մասնաշենքի հետ հաղորդակցվում են ներքին միջանցքով։

Ծավալատարածական հորինվածքում առանձնանում են փողոցահայաց երկու ճակատները, որոնց հատման կետում ընդգծված է կիսաշրջանաձև աշտարակը՝ ավարտված թեփուկաձև քանդակներով զարդարված գմբեթով։ Պատշգամբներն ունեն մետաղական, նուրբ և ցանցկեն ճաղաշար։

Շենքի ներսում պահպանվել են գունավոր հախճասալիկներով պատված պատի վառարաններ, ինչպես նաև պատի հայելավոր պահարաններ։

Շենքն արժեքավոր է որպես ճարտարապետական հուշարձան, իսկ նրա պատմական նշանակությունն առանձնանում է նրանով, որ 1920–1930-ական թվականներին այստեղ է գործել կոնսերվատորիան՝ կարևոր դեր ունենալով քաղաքի մշակութային կյանքի զարգացման մեջ։


Արամի փող. 44