ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴ


VII-XIX դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.76
Վերականգնումը՝ XVI դ., XVII դ., XIX դ.

Երևանի բերդը գտնվել է քաղաքի կենտրոնական մասի հարավարևմտյան կողմում՝ Հրազդան գետի ձախափնյա, բարձրադիր ափին:

Բերդն առաջին անգամ հիշատակվում է VII դ. արաբական արշավանքների առնչությամբ: Պատմիչ Սեբեոսը գրում է, որ արաբները պաշարել են բերդը, բայց չեն կարողացել գրավել այն: Հետագայում բերդը քանիցս հիշատակել են հայ և օտարազգի հեղինակները:

Զարգացած միջնադարում Երևանի բերդը Արարատյան աշխարհի կենտրոնն էր և ռազմական գլխավոր հենակետը: XV դ., երկրամասի հետ միասին, մտնում էր թուրքմենական աղ-կոյունլու («սպիտակ ոչխար») պետության կազմի մեջ: 1502 թ. գրավվել է Սեֆյան Պարսկաստանի հիմնադիր Շահ Իսմայիլի զորքերի կողմից: XVI-XVIII դդ., շուրջ երկու դար տևած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում բերդը 14 անգամ ձեռքից ձեռք է անցել, բազմիցս ավերվել է ու վերակառուցվել՝ ենթարկվելով էական փոփոխությունների: Պարսից տիրապետության շրջանում այստեղ գտնվել են Թոխմախ խանի պալատը և այգիները: 1583 թ. անցել է թուրքերին: Օսմանյան բանակի զորահրամանատար Ֆահրադ փաշան 45 օրում վերակառուցել է պալատի շրջակայքը, ամրացրել պարիսպները: Այդ նպատակով թուրքերը քանդել են հայկական եկեղեցիները և քարերն օգտագործել են շինարարության ժամանակ:

1604 թ., Շահ Աբաս Ա-ի ժամանակ տիրելով բերդին, պարսիկները վերաշինել ու շենացրել են այն:

1639 թ. Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև կնքված համապատասխան պայմանագրով Հայաստանի արևելյան մասն անցել է Պարսկաստանին, արևմտյանը՝ Թուրքիային։ Երևանն իբրև համանուն պարսից խանության վարչական կենտրոն, իսկ բերդը՝ խանի (սարդարի) նստավայր մնացել է մինչև XIX դ. առաջին տասնամյակները՝ մինչև Այսրկովկասում պարսից տիրապետության ավարտը։

Երևանի բերդը մեծապես ավերվել է 1679 թ. երկրաշարժից և վերականգնվել է Պարսից սարդար Զալ խանի օրոք: 1724 թ. այն կրկին գրավել են թուրքերը։ Պարսիկները վերստին տեր են դարձել քաղաքին ու բերդին Նադիր շահի օրոք՝ 1735 թ.: Վերջին անգամ բերդն ամրացվել և բարեկարգվել է XIX դ., պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք, ֆրանսիացի և անգլիացի ռազմական մասնագետների օգնությամբ:

Բերդի հնագույն կառուցվածքի վերաբերյալ տվյալներ չեն պահպանվել: Պարսկական տիրապետության շրջանի շինություններից ամենանշանավորը սարդարի պալատն է: Այստեղ վերակառուցումներ է կատարել Ամիր-Գունա խանը (1604-1625 թթ.), 1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո` Զալ խանը: Երևանի սարդարի պալատի կառուցումն ավարտվել է 1790-ական թթ.՝ Երևանի սարդար Մահմադ խանի կողմից։ Այդ ժամանակ կառուցվել է հայելազարդ սրահը (ճարտարապետ՝ Միրզա Ջաֆար), որն ունեցել է «դրախտանման» պարտեզ: 35 x 15 մ չափերով պալատը կառուցվել է  քարուկրից, մյուս շինությունները` քարից և հում աղյուսից: Պալատական մասը վերածվել է միջնաբերդի, որտեղ կառուցվել են 8 աշտարակով պարիսպ և մզկիթ: Արտաքինից ամրացվել է 43 աշտարակով: 1603 թ. բերդից հարավ կառուցված պարիսպն ունեցել է 355,5 մ երկարություն: Բերդն ունեցել է երկու մուտք՝ Շիրվանի (հյուսիսային) և Թավրիզի (հարավային), ու ստորգետնյա ճանապարհ, որով կապվել է Հրազդան գետի հետ:

1725 թ. թուրք Ռաջափ փաշան կառուցել է բերդի գլխավոր մզկիթը:

Ռուս-պարսկական երկու պատերազմների (1804-1813 թթ., 1826-1828 թթ.) ժամանակ Երևանի բերդը երեք անգամ (1804, 1808, 1827 թթ.) պաշարվել է ռուսական զորքերի կողմից: Եվ միայն 1827 թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Իվան Պասկևիչի ղեկավարությամբ, և հայերի օգնությամբ ռուսները կարողացել են գրավել բերդը: Ի նշանավորումն բերդի գրաման սահմանվել է հատուկ մեդալ, որով պարգևատրվել են հազարավոր մասնակիցներ, իսկ գեներալ Պասկևիչն արժանացել է «Երևանյան կոմս» (“граф Эриванский”) տիտղոսին:

Բերդը (և Այսրկովկասը) վերջնականապես Ռուսական կայսրությանն են միացվել 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով:

Ռուսական տիրապետության օրոք Երևանի բերդը որպես ռազմավարական կարևոր նշանակության սահմանամերձ ամրություն, ճանապարհային հանգույցի զորակայան, տեղական իշխանությունների նստավայր ու վարչական կենտրոն որոշ ժամանակ պահպանել է իր նշանակությունը: 1828-1840 թթ. եղել է Հայկական մարզի կառավարչի, 1840-1850 թթ.՝ Վրաց-Իմերեթյան նահանգի Երևանի գավառապետի, 1850-1864 թթ.՝ Երևանի նահանգապետի նստավայրը (հետագայում նահանգապետարանը տեղափոխվել է բուն քաղաք՝ Գուբերնսկայա-Նահանգական, այժմ՝ Հանրապետության փողոց): Սարդարի պալատի հայելապատ դահլիճում գործել է զինվորական ակումբ, որտեղ կայացել են նաև քաղաքացիական հանդիսություններ: Բերդի գրավումից հետո՝ 1827 թ. հոկտեմբերին, առաջին անգամ, ռուս սպաների մասնակցությամբ բեմադրվել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը: Բեմադրությանը ներկա է եղել նաև հեղինակը: Այդ մասին արձանագրված է խորհրդային տարիներին պալատի տեղում կառուցված «Արարատ» տրեստի մառանների շենքի արևմտյան ճակատին:

1827 թ. ռուսները չափագրել են Երևանի բերդը: Պարզվել է, որ հատակագիծն ունի ուղղանկյան տեսք՝ 790 x 850 մ չափերով, և զբաղեցրել է մոտ 7 հա տարածք: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը եղել է 4.5 կմ:

1837 թ.՝ բերդի գրավումից տաս տարի անց, Սարդարի պալատում իջևանել է Հայաստան այցելած Նիկոլայ առաջին ցարը` այդ առթիվ հայելապատ դահլիճի պատին թողնելով հիշատակագրություն:

XIX դ. երկրորդ կեսից, Երևանի բերդը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը: Լուծարվել է 1864 թ., ցարական կառավարության որոշմամբ: Բերդի կայազորը տեղափոխվել է Քանաքեռի նորակառույց զորակայան, իսկ տարածքը վերածվել է բնակելի թաղամասի: Ռազմական գերատեսչությունը պահպանել է իր իրավունքները միայն որոշ շենքերի՝ հատկապես զորանոցների և զինվորական հիվանդանոցի նկատմամբ: Լքված շինություններն ու կիսավեր պարիսպները հասել են մինչև XX դ.:

1880-ական թթ. սկսած քաղաքային իշխանություններն աստիճանաբար վերացրել են ամրությունները, խարխուլ շինությունները, այդ թվում` Սարդարի պալատը։ Փոխել են ներքին կառուցապատումը, կազմակերպել են փողոցներ, որոնցով բերդի տարածքը կապել են քաղաքի մյուս հատվածների հետ:


1877 թ. Երևանի բնակիչ, հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը նախկին բերդի տարածքում գնած հողակտորի վրա սկսել է գինու, իսկ 1887 թկոնյակի արտադրությունը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է բնագավառի առաջատարը: 1887 թ. գործարանի շենքի կառուցման հարցում Ն. Թաիրյանին նյութապես աջակցել է ազգականը՝ հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ 1899 թ. Թաիրյանը գործարանը վարձակալության է տվել ռուսական առևտրաարդյունաբերական առաջատարներից «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որն էլ մեկ տարի անց գնել է գործարանը և ընդլայնել այն՝ ստեղծելով արտադրական մեծ համալիր: 1920 թ. համալիրն ազգայնացվել է, հետագայում կազմավորվել է «Արարատ» տրեստը՝ գինեգոր­ծական արդյունաբերության միավորման համալիրը, որի մառանների շենքը կառուցվել է Սարդարի պալատի տեղում երկու փուլով՝ 1937 թ. (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար) և 1961 թ. (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակա­գործ՝ Արա Հարությունյան): Շենքն ունի Հրազդանի կիրճի ժայռերի վրա բարձրացող բերդապարսպի տեսք և հիշեցնում է, որ այստեղ է եղել Երևանի ահարկու բերդը:

Խորհրդային տարիներին բերդի տարածքի մի մասը զբաղեցրել է նաև  մայրաքաղաքային գունդը, կատարվել է բնակելի կառուցապատում: Ձորափնյա հատվածում «Գլենդել հիլզ» ընկերությունը 2004 թ. կառուցել է նոր բնակելի թաղամաս՝ «Երևանյան բերդ» անունով:


Երևանի երբեմնի նշանավոր բերդից այժմ պահպանվել են մայրաքաղաքային գնդի զորանոցային համալիրի լքված շինությունները (XIX-XX դդ.) և Սարդարի (Աբբաս-Միրզայի) մզկիթի (XIX դ. սկիզբ) մի չնչին հատված:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հրազդան գետի ձախ ափին