ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՖԱԴԵՅ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ (ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ)
1910 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.206.2
Նախագծի հեղինակ՝ Բորիս Մեհրաբյան
Գտնվում է Արամի (նախկին Ցարական, Սպանդարյան) փողոցի 9 հասցեում: Ըստ 1896 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տեղում եղել է Նուբար Եղիազարյանի միհարկանի, հում աղյուսից կառուցված տունը, որը նա 1904 թ. օգոստոսին վաճառել է Երևանի պատվարժան քաղաքացի, մեծահարուստ Ֆադեյ Թայիրի Քալանթարյանին: Ներկայիս երկհարկանի, նկուղով շենքը կառուցվել է 1910 թ., Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ, քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանի (1870-1936) նախագծով:
1917 թ. դեկտեմբերի կեսերին Թիֆլիսից Երևան է տեղափոխվել ժամանակի նշանավոր հասարակական-քաղաքական, պետական և ռազմական
գործիչ, 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից, ՀՅԴ կուսակցության անդամ, Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, 1879-1919): Քաղաքի բնակչությունը ցնծությամբ
է դիմավորել անվանի հայորդուն, իսկ Ֆ. Քալանթարյանն Արամին նվիրել է իր երկհարկանի, եկամտաբեր տունը: Այստեղ 1917 թ. դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թ. հունվարը` մինչև իր մահը, ապրել է Արամ Մանուկյանն՝ ընտանիքով: Այստեղ է հունվարի 29-ին Արամը կնքել իր մահկանացուն: Արամի
այրին՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանը, դստեր՝ Սեդայի
հետ այս տանը շարունակել է ապրել ևս մի քանի տարի: 1920-ից
այս տանը բնակվել է նաև Հայաստանի առաջին հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանն (1873/1874-1947) ընտանիքով:
Տունը կառուցված է Արամի փողոցի կարմիր գծի վրա: Բաղկացած
է հիմնական մասնաշենքից (չափերն են՝ 16,9 x 13,5 մ) և կողաշենքից: Ունի քանդակազարդ
ճաղաշարով պատշգամբ և բակ տանող երթանց (դալան)՝ փողոցի կողմից: Ներսում կատարվել են
բազմաթիվ վերանորոգումներ: 1990-ականներից վթարային է: 2000-ական թթ. սկզբներին ընդգրկվել
է «Հին Երևան» համալիրի կառուցապատման (հեղ.՝ ճարտ. Լևոն Վարդանյան) ներդրումային ծրագրում: Շենքի գլխավոր ճակատին ամրացվել է Ա. Մանուկյանի բազալտե հուշատախտակը:
Շենքն արժեքավոր է որպես Երևանի XX
դդ. սկզբի ճարտարապետության հուշարձան: Ունի պատմական կարևոր արժեք՝ կապված հայ ժողովրդի
մեծագույն զավակներից մեկի՝ Հայաստանի նոր պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի անվան ու գործունեության
հետ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան