ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՌՈՒՄՏԻԿԻՆՑԻ ԶՈՀԵՐԻՆ («ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ»)
1975 թ.
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Ռումտիկինը
(այժմ՝ Թուրքիայի Անգորայի նահանգի Ֆելահիյէ բնակավայրը) Արևմտյան Հայաստանի գյուղերից
է: Գտվում է Փոքրասիական թերակղզու կենտրոնական մասում՝ Կեսարիա քաղաքից 43 կմ հյուսիս՝
Հալիս գետի ափին: Մինչև XX դարասկիզբը բաղկացած էր երկու հատվածից՝ արևելյան (թրքաբնակ,
200-300 տուն) և արևմտյան (հայաբնակ): 1915 թ. Մեծ եղեռնի նախօրյակին հայոց Ռումտիկինն ուներ մոտ 750 տուն (շուրջ 3000 հոգի) բնակիչ, որը կազմում էր
գյուղի բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Կար եկեղեցի Սբ. Աստվածածին
անվամբ, որին կից գործում էր դպրոց՝ Պարթևյան ազգային վարժարանը: Շրջակայքը հարուստ
էր հուշարձաններով՝ քարայր-կացարաններ, բրոնզեդարյան դամբարաններ, աշտարակ «Դևի տուն»
և այլն: Բայց տեղի ամենանշանավոր հուշարձանը գյուղի հյուսիսարևմտյան կողմում կառուցված «Լուսաղբյուր» սրբավայրն էր, որի սպիտակ
մարմարե ավազանում (10 × 6 մ, խորությունը՝ 1,5 մ), ըստ ավանդության, մկրտվել է Գրիգոր
Լուսավորիչը: Ավազանը հիշեցնում էր միանավ եկեղեցու հատակագիծ (խորան և աղոթասրահ),
իսկ նրա ջուրն ուներ ջերմախտից բուժելու հատկություն:
1915 թ. Մեծ եղեռնի առաջին
ամիսներին Ռումտիկինի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց ու դաժանաբար սպանվեց: Քչերը
փրկվեցին այդ դժոխքից ու 1918-ին վերադարձան գյուղ, բայց ստիպված եղան վերստին այն
լքել 1920 թ.: Մի մասը հանգրվանեց Խորհրդային Հայաստանում, մյուս մասը սփռվեց աշխարհով
մեկ:
1975 թ., Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, ՀԽՍՀ-ում և արտասահմանում ապրող ռումտիկինցիների նախաձեռնությամբ, ի հիշատակ նահատակված համագյուղացիների, Սովետաշեն (այժմ՝ Նուբարաշեն) տանող խճուղու սկզբնամասի աջակողմյան
բարձրադիր հատվածում, նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվեց «Լուսաղբյուր» հուշաղբյուրը:
Բազալտե հարթակի վրա վեր է խոյանում ուղղանկյուն կոթողը, որի դիմային ճակատի ստորնամասի
խորան-որմնախորշում բացված 3 ծորակներից ջուրը հոսում է դիմացի ոչ մեծ ուղղանկյուն
ավազանի մեջ, կարծես հիշեցնելով հին Լուսաղբյուրի հատակաձևը: Վերնամասում փորագրված
է ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ :
Ետնամասից սկսվող եզրապատը շարունակվում է աջ կողմում և ավարտվում է քանդակազարդ փոքր կոթողով, որի կողային նիստին արծվաքանդակ է ու հիշատակագրություն.
ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ 1915 ԹՎԻ ՌՈՒՄՏԻԿԻՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
Հարթակը և որմնախորշը բազալտից են, կոթողն ու պատերը՝ կարմիր տուֆից: Հարթակի չափերն են՝ 10 × 7.6 մ, պատերի բարձրությունը՝ 1.38 մ, կոթողի չափերը՝ 8 × 2 × 0.85 մ:
2014-2015
թթ.՝ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Հայոց եղեռնին նվիրված Երևանի մյուս հուշարձանների
հետ վերականգնվել է նաև «Լուսաղբյուր»-ը: Տարածքը բարեկարգվել է, կանաչապատվել, հարթակը
սալապատվել է երկգույն սալիկներով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան