ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ


1896 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.201

Ճարտարապետ՝ Մխխայիլ ֆոն դեր Նոննե, Զ. Գևորգյան

Շենքը գտնվում է Ամիրյան (նախկին Նազարյան, Նազարովսկայա) փողոցի և Հանրապետության հրապարակի հանգույցում՝ կառավարական երկրորդ տան կողքին՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց:

Գիմնազիայի պատմությունն սկսվում է XIX դ. 30-ական թթ., երբ Հայկական մարզի ստեղծումից հետո՝ 1832 թ. հունվարի 14-ին բացվեց երկրամասի առաջին պետական կրթական հաստատությունը՝ Երևանի գավառական ուսումնարանը (1832-1868 թթ.), որի տեսուչը 1843-1848 թթ. Խաչատուր Աբովյանն էր: Ուսումնարանի հիմքի վրա կազմավորվել է Երևանի արական դասական պրոգիմնազիան (1868-1881), իսկ վերջինիս հիման վրա էլ 1881 թ. մարտի 3-ին ստեղծվել է Երևանի արական դասական գիմնազիան (1881-1921): Ուսման բարձր վարձի պատճառով մատչելի է եղել միայն ունևորների համար: 1885 թ. կրթօջախը լրիվ կազմավորվել է իր 1 նախապատրաստական և 8 հիմնական դասարաններով և տվել է իր առաջին 6 շրջանավարտը: Գիմնազիան եղել է բավական խստականոն, միջնակարգ, մասամբ՝ գիշերօթիկ հաստատություն, որտեղ ի թիվս այլ առարկաների, դասավանդել են նաև հունարեն ու լատիներեն, և որի աշակերտական, ուսուցչական ու ղեկավար անձնակազմն ունեցել է իր պարտադիր համազգեստը:

Սկզբնական շրջանում գիմնազիան տեղակայված էր Կոլուբիակինի պարտեզի (այժմ՝ Շահումյանի անվան պուրակ) հյուսիսային անկյան հանդիպակաց՝ Ե. Քալանթարյանի մեկ հարկանի շենքերից կազմված համակառույցում, որն ուսումնական պահանջներին համապատասխանեցնելու համար 1880 թ. վերակառուցվել էր Երևանի նահանգային ճարտարապետ, ազգությամբ գերմանացի Միխայիլ ֆոն դեր Նոննեի նախագծով: Սակայն սա չի բավարարել կրթական արագ աճող պահանջներին: 1882 թ. պանսիոնը, 1884 թ. տնօրենի բնակարանը տեղափոխվել են վարձու շենքեր, իսկ գիմնազիայի համար նախատեսված օդերևութաբանական կայանը գործել է ուսուցչական սեմինարիայի շենքում (Աստաֆյան, այժմ` Աբովյան փողոց): Նույնիսկ հարց է բարձրացվել գիմնազիան տեղափոխել Ալեքսանդրապոլ, բայց հետո բավարարվել են 1886 թ. հատուկ նախագծով կատարված նոր վերակառուցմամբ:

1896 թ. գիմնազիան վարձակալման հիմունքներով տեղափոխվել է Նազարյան փողոց՝ Զ. Գևորգյանի և Մ. ֆոն դեր Նոննեի նախագծով ու ղեկավարությամբ կառուցված գիմնազիական շենքեր: Այդ ժամանակ գիմնազիան ունեցել է 25 հոգուց բաղկացած ուսուցչական անձնակազմ և ավելի քան 250 աշակերտ: Հետագա երկու տասնամյակում այդ թիվը եռապատկվել է, նորից առաջացել է տեղի խնդիր: 1903 թ. Երևանի առաջին սեյսմիկ կայանն այստեղ տեղադրելու փոխարեն տեղադրել են նույն փողոցի վրա գտնվող Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքի նկուղում: Անհրաժեշտություն է առաջացել կառուցել գիմնազիային պատկանող նոր շենք, որն էլ կառուցվել է Աստաֆյան փողոցում, 1911-1915 թթ. (հետագայում՝ Կուլտուրայի տուն, այժմ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ և Թանգարանների շենք, պետ. ցուցիչ՝ 1.6.96.2): Շենքի ավարտված մասերն ուսումնական նպատակներով օգտագործել են 1914-ից:

1923 թ. Նազարյան փողոցի շենքն ազգայնացվել է. փողոցից ներս կառուցված մասնաշենքում 1921 թ. տեղավորվել են թերի միջնակարգ (առաջին աստիճանի) թիվ 1 և 5 դպրոցները: 1920 թ. դեկտեմբերին դասական գիմնազիայի հիման վրա ստեղծվել է լրիվ միջնակարգ (երկրորդ աստիճանի) թիվ 2 դպրոցը, որը 1925-ից կրում է Խ. Աբովյանի անունը (հետագայում տեղափոխվել է Իսահակյան փողոց): 1946-1976 թթ. մասնաշենքում գործել է թիվ 58 դպրոցը, ապա՝ Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտունը:

1921 թ. փողոցադիր մասնաշենքում տեղակայված են եղել Երևանի գավառական գործկոմի լուսավորության բաժինը և գիմնազիայի շենքից տեղափոխված մանկավարժական կենտրոնական թանգարանը: 1922 թ. այստեղ բացվել է Մանկավարժական ինստիտուտը, որը 2 ամիս անց տեղափոխվել է Հռիփսիմյան գիմնազիայի շենք, ապա միացել է Երևանի պետական համալսարանին: 1935 թ. օգոստոսից շենքում գործել է Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը (այժմ տեղափոխված՝ Նալբանդյան փողոց, 4/1 շենք):

Արական գիմնազիայի գրադարանի 18 հազար միավոր գրքերի ֆոնդը 1921 թ. հանձնվել է պետական հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին, իսկ Խ. Աբովյանի օրոք Երևանի գավառական ուսումնարանում հիմնադրված երկրագիտական թանգարանի նյութերը՝ Հայաստանի պետական թանգարանին:

1940-ական թթ., կառավարական երկրորդ տան կառուցման հետ կապված, քանդվել է շենքի աջ թևը: 1977 թ. շենքը վերակառուցվել է: Նախասրահի պատերը երեսապատվել են կար­միր տուֆով, հատակը ծածկվել է մարմարով, հարդարվել է դահլիճի ինտերիերը:

Համակառույցը բաղկացած է եղել ոչ մեծ բակի շուրջ խմբավորված 2 երկհարկանի և 1 միհարկանի մասնաշենքերից: Առաջին մասնաշենքը, որը հատկացված է եղել վարչական, հանրակացարանային և մասամբ էլ՝ ուսումնական նպատակների համար, տեղադրված է փողոցի կարմիր գծի վրա, իսկ թևաշենքը պարփակել է բակը ձախ կողմից: Երկրորդ մասնաշենքը կառուցվել է ուսումնական նպատակներով և տեղադրված է բակի խորքում: Երրորդը փոքրիկ օժանդակ կառույց է, որը թեք դիրքով պարփակել է բակը աջ կողմից: Փողոցի դիրքը թելադրել է հիմնական մասնաշենքերի հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան կողմնորոշումը, հատկապես երկրորդ մասնաշենքի պարագայում: Վերջինիս մոտ եղել է այգի, որն այդ կողմի դասասենյակները մեկուսացրել է շրջապատի աղմուկից:                                                                    

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ամիրյան փող. 2/8