ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ
1965 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.90
Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան
Մասնակցությամբ՝ ճարտարապետ Գ. Ա. Զաքյանի
Գտնվում է Ալեք Մանուկյան փողոց, 1 հասցեում՝ Ալեք Մանուկյան և Չարենցի փողոցների միջև ընկած տարածքում, Գետառ գետի ձախ ափին:
Հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության որոշմամբ: Երևանում ազատ շենք չլինելու պատճառով բացվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում, 1920 թ. հունվարի 31-ին: 1920 թ. տեղափոխվել է Երևան՝ Ուսուցչական սեմինարիայի վերանորոգված սև շենք (Աբովյան փողոց, 52):
Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թ. դեկտեմբերի 17-ին վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան: Պաշտոնապես բացվել է 1921 թ. հունվարի 23-ին: Վերաբացված կրթօջախի առաջին ռեկտոր է դարձել անվանի պատմաբան Հակոբ Մանանդյանը: 1923 թ. հոկտեմբերի 20-ին ստացել է պետական մայր ԲՈՒՀ-ի կարգավիճակ: Համալսարանը առաջին բարձրագույն ուսումնական կենտրոնն է ՀԽՍՀ-ում: 1930 թ. նրա ֆակուլտետների հիման վրա ստեղծվել են Պոլիտեխնիկական, Գյուղատնտեսական, Բժշկական, Մանկավարժական ինստիտուտները: Մինչև Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումը եղել է նաև հանրապետության գիտահետազոտական հիմնական կենտրոնը:
Ալեք Մանուկյան փողոց, 1 հասցեում ԵՊՀ-ի նոր համակառույցի շինարարությունն սկսվել է 1952 թ.: 1965 թ. համալսարանը հիմնականում տեղափոխվել է նոր կառուցված շենք: 1973-1976 թթ. կառուցվել է բանասիրական, օտար լեզուների և արևելագիտության ֆակուլտետների մասնաշենքը, 1976-1981 թթ.՝ սպորտային համալիրը, 1994 թ.՝ գրադարանի մասնաշենքը (ճարտ.՝ Լ. Բաբայան, հարթաքանդակների հեղ.՝ Վ. Ղազարյան):
Կառուցված է Անիի սրբատաշ տուֆով: Ներքին հարդարման համար օգտագործվել է տրավերտին, սև և սպիտակ մարմար:
Գլխավոր նախասրահում դրված են համալսարանի հիմնադիր պրոֆեսորների՝ Հակոբ Մանանդյանի, Ստեփան Ղամբարյանի, Լեոյի (Առաքել Բաբախանյան), Հրաչյա Աճառյանի, Վահան Արծրունու, Մանուկ Աբեղյանի կիսանդրիները: Բակում տեղադրված են Մեծ հայրենականում զոհված համալսարանականների հուշաղբյուրը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից տեղափոխված ժայռապատկերներ (մ.թ.ա. IV հազ. II կես - III հազ. I կես), Արցախյան ազատամարտում զոհված մտավորականներին և ԵՊՀ ուսանողներին նվիրված խաչքարը (1996 թ.), Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը (1943 թ., տեղադրված՝ 2002 թ., քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան), Անանիա Շիրակացու արձանը (1999 թ., հեղինակ՝ Արամ Ղարիբյան), XIII դ. խաչքար՝ ի հիշատակ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականներին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան