ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.6
Տունը գտնվում է Տիգրան Մեծի (նախկինում՝ Հին Կազարմայի, ապա՝ Հոկտեմբերյան) պողոտա 15 հասցեում:
Երկհարկ է, նկուղով: Գլխավոր մասնաշենքն ունի գրեթե П-աձև հատակագիծ, իսկ թևաշենքերն ունեն անհավասար չափեր և շատ կարճ են: Բակի կողմից կառուցված սրահը հատակագծի ընդհանուր պատկերը մոտեցնում է ուղղանկյան: Յուրաքանչյուր բնակարան ունի երկկողմ դիրքորոշում՝ դեպի արևմուտք (Տիգրան Մեծի պող.) և դեպի արևելք (ներքին բակ): Բակի կողմից գլխավոր մասնաշենքին հարում են միահարկ կառույցներ: Գլխավոր՝ արևմտյան ճակատի գեղարվեստական, ճարտարապետական լուծումը լակոնիկ է: Այն բնութագրվում է երկրաչափական պարզունակ գծերով՝ ուղղանկյուն պատուհաններ, լուսամուտատակի ուղղանկյուն որմնախորշեր և հորիզոնական գոտիներ, պարզ քիվ և կոպտատաշ քարերով մշակված պատեր: Ճակատի հորինվածքում շեշտված է պատի միջնամասը: Մոտավորապես կենտրոնում տեղադրված է առանձնատան բակ տանող երթանցի կամարակապ, կիսաշրջանաձև բացվածքը՝ ուժեղացված քիվով և մոդուլյոններով: Երթանցից աջ և ձախ տեղադրված են իրար սիմետրիկ, նույնատիպ, կիսաշրջանաձև, կամարակապ մուտքերի բացվածքները, որոնք բնակարաններն անմիջականորեն կապում են պողոտայի հետ:
Կառուցվածքային համակարգում քարե միդիս շարվածքով կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատում օգտագործված է երևանյան սրբատաշ, սև տուֆը:
Բնակարանների ծածկերը հարթ են, փայտե հեծաններով: Տանիքը թեք է, թիթեղից:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան