ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

«ՀԱՅԷՆԵՐԳՈՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


1940


Պետ. ցուցիչ՝ 1.6.166

Ճարտարապետ՝ Հովհաննես Մարգարյան


Շենքը գտնվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում: Կառույցը բաղկացած է բնակելի և վարչական սիմետրիկ մասերից, որոնք միմյանց միանում են բազմանիստ աշտարակաձև ծավալով: Վարչական մասում ծառայողական սենյակները դասավորված են միջանցքի երկու կողմերում: Բնակելի մասը սովորական բազմասեկցիոն տիպի է՝ երկու մուտքով: Արտաքին ծավալատարածական լուծումը սիմետրիկ է (բացառություն են կազմում բնակելի մասի կողային ճակատի լայն պատշգամբները): Շենքի երկու մասերն էլ քառահարկ են և ունեն ընդհանուր քիվ, որն անցնում է նաև աշտարակաձև ծավալի վերնամասով։

Ճակատները լուծված են ռիթմիկ հերթագայությամբ քարե որմնասյուներով, որոնք ավարտվում են դասական օրդերի խոյակներով: Աշտարակաձև մասի նիստերը ստեղծում են ջլատված որմնասյուներ: Միջնապատերը երեսապատված են գորշ ցեմենտով: Շենքի ճարտարապետության մեջ օգտագործված են դասական ֆորմալ-հորինվածքային ձևերը:

1971 թ. բակի ճակատի կողմից կառուցվել է 2-րդ հարկի մակարդակին հավասար մի ծավալ, որտեղ գտնվել է դիսպետչերական ծառայության սրահը:

Մինչպատերազմյան ժամանակաշրջանի (1941-1945 թթ. առաջ) Երևանի ինքնատիպ շինություններից է, վարչական և բնակելի մասերը մի ընդհանուր ծավալի մեջ մեկտեղելու հաջողված օրինակ:


Աբովյան փող. 27