ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ «ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» (ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ)


1937 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.2

Ճարտարապետներ՝ Գևորգ Քոչար, Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, Արսեն Ահարոնյան

Հանրախանութը գտնվում է Աբովյան և Արամի (նախկին Սպանդարյան) փողոցների հատման անկյունում` Արամի փողոց, 32 հասցեում: Անկյունային տեղադրությամբ էլ պայմանավորված է նրա հատակագծային և ծավալատարածական լուծումը:

Շինարարությունն սկսվել է 1935 թ., շահագորման է հանձնվել 1937 թ. հունվարին:

Շենքը եռահարկ է: Անկյունային մասում տեղադրված է բաց սյունասրահով շեշտված գլխավոր մուտքը: Մուտքեր են բացված նաև կողային ճակատներում: Սյունասրահի վրա տեղադրված է խորանարդաձև խոյակներ ունեցող սյուներով բարձր ծավալը: Փողոցների ուղղությամբ ձգվող կողային ճակատները լուծված են որմնասյուներով և պատուհանների մեծ բացվածքներով:

Ներքին տարածությունն ունի հստակ հատակագծային լուծում. երեք հարկերում տեղադրված ընդարձակ, բարձր առաստաղներով սյունազարդ դահլիճներ, որոնք միջնամասում միավորվում են միջանցքներով: Շենքի պարագծով ձգվում է ատամնաշարով մշակված քիվը:

Շենքի առաջին հարկում Աբովյան փողոցի կողմից եղել է մթերային խանութ (գաստրոնոմ):

Կոնստրուկցիայում երկաթբետոնե կարկասն է, ծածկերը երկաթբետնից են, շարվածքը՝ միդիս: Որպես շինանյութ օգտագործվել է սրբատաշ, գորշ բազալտը, մարմարը, ապակին:

Մինչև 1980-ական թթ. քաղաքի կենտրոնական հանրախանութն էր: 1980-ականների ընդլայնումից հետո գործել է որպես «Մանկական աշխարհ» հանրախանութ (նախագծի հեղինակ՝ Օլեգ Շոկարև, «Երևաննախագիծ» ինստիտուտ):  

Շենքը երկու անգամ հրդեհվել է՝ 1956 թ. և 1995 թ.:

2002-2003 թթ. «Հայնախագիծ» ինստիտուտում կազմվել է նոր նախագիծ, որով Աբովյան և Արամի փողոցների ճակատները վերակառուցվել են: Աշխատանքը մնացել է անավարտ:

«Մանկական աշխարհ» (Կենտրոնական) հանրախանութի շենքը ճարտարապետական առումով Երևանի ամենահետաքրքիր կառույցներից է, որտեղ հստակ արտացոլված են ֆունկցիոնալիզմի ուշ

շրջանի (1930-ական թթ.) հիմնական միտումները, երբ ֆունկցիոնալիզմի տարրերը համատեղվում են ազգային ձևերի հետ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան




Արամի փող. 32