ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ ԱՐԱՄ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆԻ


1912-1914 թթ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.1

Կրպակներով և բուժարանով տունը գտնվում է Աբովյան փողոց, 1/1 հասցեում:

Ըստ 1896 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տունը նախապես պատկանել է Գևորգ և Օհան Դիլանյան եղբայրներին: Ունեցել է հետևյալ սահմանները. արևելքից Խոսրովյանի տունը, արևմուտքից և հյուսիսից՝ Հ. Գրիգորյանի տունը, հարավից՝ Աստաֆյան փողոցը: Այն մի հարկանի էր, կառուցված տուֆ քարից: Տանիքը թիթեղյա էր, հատակը՝ փայտից, առաստաղը սվաղված էր գաջով: Ուներ 6 սենյակ, 3 նախասենյակ, 1 խոհանոց:

1909 թ. ապրիլին Դիլանյան եղբայրները տունը վաճառել են Մաթևոս Սանագյանին, ով էլ իր հերթին 1910 թ. հունիսին այն վերավաճառել է բժիշկ, մասնավոր հիվանդանոցի տեր Արամ Տեր-Ավետիքյանին: Վերջինս 1912-1914 թթ. կառուցել է տան երկրորդ հարկը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ աշխատել է Կարմիր խաչի ընկերությունը:

1921 թ. մարտի 20-ից մինչև ապրիլի 19-ը այս տանն ապրել է Ամենայն Հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանը, ով Երևան էր ժամանել Թիֆլիսից:

Բակով և հինգ կրպակներով տունը պատկանել է բժիշկ Տեր-Ավետիքյանին մինչև 1923 թ.:

1923 թ., Հայաստանի խորհրդայնացումից հետո, տունն ազգայնացվել է: 1920-ական թթ. այստեղ են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական գործիչներ Հայկ Յաղուբյանը, Արտաշես Կարինյանը և Հայկ Հովսեփյանը:

Տունը ներքին բակով, գրեթե ուղղանկյուն հատակագծով շինություն է: Կենտրոնական առանցքով տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը: Գլխավոր մասնաշենքի հարկի (երկարությունը փողոցի ուղղությամբ 30,0 մ է, լայնությունը՝ 15,3 մ) հատակագծային կառուցվածքում գերիշխում են երկու սրահներ (80,2 քմ և 72,2 քմ, բարձրությունը՝ 4,5 մ), որոնք իրարից բաժանված են նախասրահով:

Հարկի աջ թևում սենյակները դասավորված են երկու շարքով՝ դիրքորոշված դեպի հարավ-արևելք (փողոց) և դեպի հյուսիս-արևմուտք (բակ, չափերն են՝ 58,6 քմ, 22,2 քմ, բարձրությունը՝ 3,8 մ): Ձախ թևի սենյակներն իրար են միացած միջանցքով (սենյակներից մեկը 25,9 քմ է): Դեպի փողոց ուղղված են բարձակային երեք պատշգամբ: Հարավրևմտյան պատի երկարությամբ կառուցված են անտրեսոլներ: Բակի մասնաշենքի մի քանի սենյակներ տրված էին բուժարանին:

Գլխավոր՝ հարավարևելյան, ճակատի սիմետրիկ հորինվածքում առանձնանում է կենտրոնական առանցքը: Շքամուտքի կորագիծ բացվածքը ձևավորված է հոնիական խոյակներով կիսասյուներով: Վերին բացվածքը նույնաձև է, սակայն փոքր չափերի: Ոճավորված զարդաքանդակ կա ճակատի միջնամասի ծոփորի վրա: Պատը վերջանում է կլոր բացվածքներով, ատտիկով շեշտված են տանիքին՝ պատվանդանի վրա դրված յուրօրինակ ծաղկամանները: Կենտրոնական պատշգամբի բազրիքը պատված է կլոր բացվածքներով: Մյուս երկու պատշգամբների բազրիքներն ունեն թեթև, մետաղե նախշեր: Ներքևի հարկում ցուցափեղկ-պատուհանները մշակված են կոպտատաշ քարերով: Ծածկերը հարթ են, փայտե հեծաններով: Տանիքը թեք է, թիթեղից:

Կառուցվածքային համակարգերում տուֆից և աղյուսից շարված կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատը շարված է սրբատաշ տուֆով:    

Շենքն արժեքավոր է որպես XIX դ. վերջի - XX դ. սկզբի ճարտա­րապետության հուշարձան: Հիվանդանոցը եղել է հին Երևանի երկու խոշոր մասնավոր բուժարաններից մեկը: Այստեղ աշխատել են ժամանակի այնպիսի հայտնի բժիշկներ, ինչպիսիք են՝ Արամ Տեր-Ավետիքյանը, Ա. Տեր-Գրիգորյանցը, Կ. Տեր-Մարուքյանը և այլք:

                            «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 1/1