ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔ (նախկինում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ)
1949-1950 թթ.
Պետ. ցուցիչ` 1.6.164
Գլխավոր մասնաշենքի հեղինակ՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան
Երկրորդ մասնաշենքի հեղինակ՝ ճարտարապետ Մ. Ռուստամյան
Պատվիրատու` Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտե
Գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտա 19 հասցեում՝ պողոտայի կարմիր գծից 100-120 մ ներս՝ բարձունքի վրա:
Հիմնական մասնաշենքը նախագծվել է 1946-1947 թթ., կառուցվել է 1949-1950 թթ.՝ որպես Կենտկոմի վարչական շենք: Հեղինակն է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը (ԽՍՀՄ պետական մրցանակ 1951 թ.): 1967 թ. հեղինակը, ճաշարանի մասնաշենքը վերակառուցելով, վրան ավելացրել է հարկ, որը 1982 թ. ավարտել է ճարտարապետ Հ. Դոխիկյանը, կապելով այն հիմնական մասնաշենքի հետ:
Շենքը Կենտկոմը զբաղեցրել է մինչև 1991 թ.: Նույն տարվա մայիսից այն հատկացվել է ՀՀ Գերագույն խորհրդին (այժմ՝ ՀՀ Ազգային ժողով):
2006-2009 թթ. Ազգային ժողովի հիմնական մասնաշենքին կից կառուցվել է 2-րդ մասնաշենքը: Նախագծում փորձ է արվել այդ մասնաշենքի
ճարտարապետությունը հարմարեցնել հիմնականի հետ և դրանց միասնությունը
դարձնել համահունչ:
Հիմնական շենքը կառուցված է բաց դեղնավուն
սրբատաշ ֆելզիտից, միդիս շարվածքով։ Երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ բետոնակառույց
է՝ երեսապատված հիմնական մասնաշենքի ֆելզիտային տուֆի գույնի և որակի քարերով: Ներքին տարածությունների հարդարման համար օգտագործվել
են բարձրորակ փայտն ու արհեստական շինանյութերը: Ճակատներում կիրառված են հարդարման
բազմապիսի միջոցներ. բացվածքները եզերված են հայկական ճարտարապետության ավանդական զարդանախշերով:
Կենտրոնական ճակտոնի վրա մինչև 1991 թ. եղել է Վ. Ի. Լենինի կիսադեմի հարթաքանդակը,
որը հետագայում փոխարինվել է ՀՀ պետական
զինանշանի քանդակով:
Շենքն առջևից չորս, իսկ ետևից հինգհարկանի է։ Տարածքը բարեկարգված է,
կանաչապատ և ծառաշատ:
Շենքը խորհրդահայ ճարտարապետության
լավագույն վարչական կառույցներից է, աչքի է ընկնում մոնումենտալությամբ, արտահայտչականությամբ,
ֆունկցիոնալ նպատակահարմարությամբ, ազգային և դասական ճարտարապետության ավանդույթների
օգտագործմամբ:
2019 թ. բրիտանական Independent թերթը ՀՀ Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների կառույցների
տասնյակում՝ 4-րդ հորիզոնականում։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան