ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ
1883
Պետ. ցուցիչ` 1.6.178.4.11
Տունը գտնվում է Աբովյան փողոցում:
Այն պատկանել է բնիկ երևանցի վաճառական Գրիգոր
Ամիրյանին։ Վերջինս զբաղվել է մանուֆակտուրային ապրանքների մեծածախ առևտրով։ Ամիրյանը
3 տան, 2 այգու և քարավանատան մի մասի տեր էր։ Նրան է պատկանել առևտրական խոշոր տներից
մեկը։ Եղել է քաղաքային դումայի ձայնավոր (1884 թվականից)։
Ըստ 1910 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝
շենքը երկհարկ էր՝ կառուցված տուֆից, հողածածկ տանիքով, փայտե հատակով և սվաղված առաստաղներով։
Գլխավոր մասնաշենքում կար երկու բնակարան և 9 սենյակ (առանց նախասենյակների ու խոհանոցների)։
Բակում կար մեկ բնակարան՝ 5 սենյակով։
1923 թ. օգոստոսին տունն ազգայնացվել և օգտագործվել
է որպես ՀԽՍՀ Կենտգործկոմի և Ժողկոմխորհի հանրակացարան։ Այստեղ են ապրել խորհրդային
պետական և կուսակցական գործիչներ․ 1921–1922 թթ.՝
Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանը, 1922–1928 թթ.՝
Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Համբարձումյանը, 1929–1936 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար
Աղասի Խանջյանը։ Այնուհետև այստեղ տեղավորվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը,
ապա՝ մինչև 1980-ական թթ.՝ Փաստաբանների կոլեգիայի նախագահությունը։ 1992–2014 թթ.
այս շենքում է գործել Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Ազգային ժողովրդավարական միություն»
(ԱԺՄ) կուսակցության գրասենյակը։
Այստեղ է գործել Երևանի ամենահին լուսանկարչատներից
մեկը, որը հիմնադրել է ծագումով վանեցի Գաբրիել Խանոյանը։ Նրա գործը շարունակել է զարմիկը՝
Օնիկ Հարությունյանը, որը 55 տարի շարունակ զբաղվել է լուսանկարչությամբ։ Երևանցիների
շրջանում այն հայտնի էր «Վարպետ Օնիկի լուսանկարչատուն» անվամբ։ 2011 թվականից լուսանկարչատան
հատվածում գործում է «Դալան» պատկերասրահը։ Շենքում տեղակայված է նաև «Աբովյան 12»
սրճարան-ռեստորանը։
Գրիգոր Ամիրյանի երկրորդ տունը երկհարկանի է՝
նկուղով։ Շենքի հիմնական ծավալը հատակագծում ուղղանկյուն է, իսկ սենյակները դասավորված
են երկու շարքով՝ դեպի հյուսիս-արևմուտք (փողոց) և դեպի հարավ-արևելք (բակ)։ Բակի կողմից
հիմնական ծավալը և կողաշենքը կապված են բաց պատշգամբով։ Երկրորդ հարկում կա սենյակների
մի խումբ և մի դահլիճ, որը փողոցի կողմում ունեցել է պատշգամբ (այժմ՝ քանդված)։ Աբովյան
փողոցի մուտքը տանում է երկրորդ հարկ։ Առաջին հարկի սենյակների մուտքը բակի կողմից
է՝ պատշգամբի միջոցով, որը Աբովյան փողոցի հետ կապվում է երթանցով։
Ճակատները սվաղված են։ Փողոցին նայող ճակատն
ասիմետրիկ է և կատարված է զուսպ՝ ուղղանկյուն և աղեղնակամար բացվածքների հերթագայությամբ
(ներքևի հարկի պատուհանները կամարակապ են, իսկ վերևինները՝ ուղղանկյունաձև)։ Կիսագլանաձև
թաղով երթանցի աղեղնակամարը որոշում է ճակատի ձախ եզրի հորինվածքային առանցքը։ Ճակատը
ջլատված է խարսխի շարքով, քիվով, ինչպես նաև վերից վար՝ քառանկյուն որմնասյուներով
և ամրապատով։
Շենքի սենյակներում պահպանվել են հախճասալիկներից
շարված պատի վառարաններ։ Դրանք մեկը մյուսից տարբեր են՝ երեսապատված չկրկնվող գունավոր
սալիկներով։ Յուրօրինակ է հատկապես կենտրոնական սենյակներից մեկի վառարանը՝ զարդարված
եվրոպական գեղատեսիլ բնանկարով։ Վառարաններից երկուսն այսօր էլ գործում են։
Շենքը քարաշեն է՝ միդիս շարվածքով։ Կառուցվածքային
համակարգում կրող քարե պատեր են։ Փողոցի ճակատում օգտագործված է սրբատաշ տուֆ։ Ծածկերը
հարթ են՝ փայտե։ Տանիքը թեք է՝ թիթեղապատ։ Բակի պատշգամբները փայտից են։