ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
1925-1927 թթ.
Պետ․ ցուցիչ՝ 1․6․46
Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան
Նալբանդյան և Թումանյան փողոցների
խաչմերուկում է՝ Նալբանդյան փող․, թիվ 21
հասցեում։ Կառուցված է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի
նախագծով։ Ճարտարապետի մտահղացմամբ խաչմերուկի
բոլոր չորս անկյուններում պետք է լինեին միանման շենքեր, բայց կառուցվեցին միայն երկուսը՝
Թումանյան փողոցի հանդիպակաց կողմերում (Նալբանդյան փող. 21 և 23):
Բնակելի տան կենտրոնական հատվածը
եռահարկ է, կողային թևերը՝ երկհարկ: Ունի կիսանկուղային հարկ: Շինությանն արտահայտչականություն
են հաղորդում գոգավորությունը, կենտրոնական մասի մուտքերի աստիճանավանդակները, կողային
մասերի բաց պատշգամբները, նախնական արտաքին սպիտակ գույնը (այժմ՝ վարդագույն): Կյանքի
վերջին տարիներին շենքի եռահարկ հատվածի երկրորդ հարկում ապրել է մեծանուն երգահան,
խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երաժշտության
դասական Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928)։
1967 թ․ նոյեմբերի 25-ին շենքում բացվել է տուն-թանգարան
(պետ. ցուցիչ՝ 1.6.46.2): Ցուցադրությունը ծանոթացնում
է Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործության, հայ գրականության և արվեստի գործիչների,
հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, ռուս գրող Մաքսիմ Գորկու, երգահաններ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր
Գլազունովի, Անատոլի Լյադովի հետ ունեցած կապերի մասին: Ցուցադրված են նրա ջութակը,
խմբավարական փայտիկը, ստեղծագործությունների ձեռագրեր, լուսանկարներ, Հայաստանի սիմֆոնիկ
նվագախմբի կազմավորման մասին
փաստաթղթեր, անձնական բազմաթիվ իրեր: Մշտական ցուցադրությունը ներառում է նաև իր տեսակի մեջ և հնչողությամբ աշխարհում միակ «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը,
որը Սպենդիարյանի մտահղացմամբ ստեղծվեց 1905 թ.՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործության համար։ Տուն-թանգարանում պարբերաբար կազմակերպվում
են համերգներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, կրթամշակութային տարբեր միջոցառումներ։
Շենքի
պատին ամրացված է Ալ․ Սպենդիարյանին նվիրված հուշատախտակ
(ճարտարապետ` Օլեգ Շոկարև), շենքի դիմաց տեղադրված է գրանիտե հուշակոթող (1979 թ․, ճարտարապետ` Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ՝ Դավիթ Բաբայան
(Երևանցի), պետ. ցուցիչ՝ 1.6.46.1):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան