ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՊԱՐԹԵՎ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
1931 թ.,1936-1939 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.82
Ճարտարապետներ՝ Նիկողայոս Բունիաթյան, Մարկ Գրիգորյան
Շենքը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում՝ Մ. Մաշտոցի պողոտա, 22 հասցեում:
ՀԽՍՀ կառավարության որոշմամբ 1931 թ. Երևանում ստեղծվեց «Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը», որը 1937 թ. վերանվանվեց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ», իսկ 1989 թ.՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»: Երևանցիների շրջանում հայտնի
է «Մարգարյան հիվանդանոց», «Մարգարյան ծննդատուն» անուններով: Կրել է նախ՝ Նադեժդա Կրուպսկայայի, ապա՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանի անունը:
Ծննդատան շենքն սկսել են կառուցել որպես ՀԽՍՀ Ժողովրդական
կոմիսարների խորհրդի շենք, սակայն Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակում Կառավարական 1-ին տան կառուցման հետ կապված, նրա շինարարությունը սառեցվել է քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր
Թամանյանի կողմից։ 1932 թ., այնուամենայնիվ, նախագիծը հաստատվեց, և կառուցվեց հիվանդանոցի (100 մահճակալով) առաջին հարկը, որը շատ առումներով որոշեց շենքի արտաքին տեսքը։ Արդեն կառուցված ցոկոլային հարկի վրա, 1935 թ. ճարտարապետ Մարկ
Գրիգորյանի կազմած նոր նախագծով սկսվեց ծննդատան շինարարությունը:
Շենքն ունի համաչափ
լուծում: Կողային զույգ մասնաշենքերը միավորվել են կիսաշրջանաձև ծավալի միջոցով, որը
գերիշխում է ծավալատարածական ընդհանուր լուծման մեջ: Այդ մասն ունի դուրս եկող ստորին
հարկ, որտեղ ստեղծվել է գլխավոր մուտքի եռակամար բացվածքը, և 2-րդ ու 3-րդ հարկերի
ետ ընկած հնգանիստ ծավալ՝ ռոտոնդայի տեսքով: Ամբողջ ծավալը պսակված է քիվով, որը շարունակվում
է կողային թևերում: Բակի կողմից կառուցվել են առանձին շինություններ: Արամի փողոցի
կողմից պատին ամրացվել են քանդակային հորինվածքներ:
Երևանի առաջին
խոշոր ծննդատներից է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան