ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
1932 թ., 1940 թ., 1956 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.2
Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան
Տերյան փողոցի N 74 հասցեում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Վիկտոր Համբարձումյանի անվ. պուրակում գտնվող ակադեմիան (նախկին Գյուղատնտեսական ինստիտուտ) հիմնադրվել է 1930 թ.՝ Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հիման վրա: Գլխավոր մասնաշենքի շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝ 1932-1940 թթ. կառուցվել են շենքի առանձին հատվածները, 1953-1956 թթ.՝ անավարտ մասերը: 1976 թ. գլխավոր մասնաշենքի հյուսիսային կողմում, ճարտարապետ Ն. Տրոֆիմովի (Մոսկվա) նախագծով կառուցվել է նոր մասնաշենք, որը Տերյան փողոցի կողմից երկրորդ հարկի անցումով կապված է առաջին շենքին: Գլխավոր մասնաշենքը մեծածավալ (165 x 43 մ չափերով) կառույց է. ունի բուհական շենքերին բնորոշ լուծում (լսարաններ, աշխատասենյակներ, լաբորատորիաներ և այլն): Ճակատները մշակված են շենքի բարձրությամբ ընթացող որմնասյուների շարքով, որոնց խոյակների հարդարանքում օգտագործված են հայկական ազգային զարդաձևերը: Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ բազալտի համադրությամբ:
1994 թ. Հայկական գյուղատնտեսական
և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց
Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005 թ. վերանվանվեց
Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012 թ.՝ Հայաստանի ազգային ագրարային
համալսարան:
Ակադեմիայի շենքի հարավային գլխավոր ճակատի դիմաց 1985 թ. կառուցվել է Երկրորդ աշխարհամարտում զոհված ինստիտուտցիներին նվիրված հուշաղբյուր (պետ. ցուցիչ՝ 1.6.2.1, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան)՝ կերտված կարմիր, սրբատաշ տուֆից: Կերպարի հիմքում ընկած է կյանքը խորհրդանշող հասկի խիստ ոճավորված պատկերը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան