ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԵՆՔ: ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԷԿ-ը (ԵրՀԷԿ)
1926 թ
Պետ․ ցուցիչ՝ 1․6․93
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում է Հրազդանի կիրճում՝ գետի ձախ ափին։ Խորհրդային Հայաստանի
էներգետիկայի անդրանիկ կառույցն է և էներգետիկ առաջին շինություններից մեկը ԽՍՀՄ-ում։
Կառուցվել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանի նախագծով։
Շինարարությունն սկսվել է 1923 թ․։ Հիմնադրումը տեղի է ունեցել 1923 թ. մարտի 9-ին, Հրազդանի ձորում, հանդիսավոր պայմաններում, որին
մասնակցում էին Երևան ժամանած ԽՍՀՄ մի շարք պետական և կուսակցական գործիչներ՝ Գեորգի
Չիչերինը, Յան Ռուձուտակը, Անաստաս Միկոյանը, Սեմյոն Բուդյոննին և ուրիշներ: Աշխատանքները
ղեկավարել է Թիֆլիսից հրավիրված հայտնի ինժեներ Հովհաննես Մելիք-Փաշայանը (Մելիք-Փաշաև)։
ՀԷԿ-ի շենքը նախատեսված էր չորս տուրբինների տեղադրման համար։ Տուրբինները մատակարարել է գերմանական «Ֆրից Բեյմայեր» ընկերությունը:
Տուրբիններին ջուրը մատակարարել է Շահումյանի անվան ջրանցքը (1923-ից այսպես էր վերանվանել
Մամռի ուրարտական ջրանցքը): Այդ նպատակով կատարվել են ջրատարի վերանորոգման աշխատանքներ՝
վերականգնել ու խորացնել են որոշ հատվածներ, կառուցել ջրարգելակներ։
ԵրՀԷԿ-ը կառուցվել է 1923-1925 թթ. ընթացքում: Կայանի հզորությունը 5600 ձիաուժ (4650 կվտ) էր, ինչը գերազանցում էր մինչ այդ քաղաքում գործող բոլոր ՀԷԿ-երի հզորությանը:
ՀԷԿ-ի հանդիսավոր գործարկումը
տեղի ունեցավ 1926 թ. մայիսի 16-ին: Արարողությանը ներկա էր նաև ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար Սերգո Օրջոնիկիձեն, ինչի
մասին վկայում է շենքի պատին ամրացված հուշատախտակը: Այս կառույցի, ինչպես նաև՝ հանրապետության էներգետիկ համակարգի ստեղծման գործում
ունեցած մեծ ներդրման համար 1926 թ. Ալ. Թամանյանին շնորհվեց ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի
կոչում:
1940-ական թթ. սկզբին, պահպանելով ճարտարապետական լուծումը, ԵրՀԷԿ-ի շենքն ընդարձակվել է: 1962-ից հանվել է երկրի էներգահամակարգից և հատկացվել այլ նշանակության հիմնարկների: Նույն թվականին ՀԷԿ-ից ոչ հեռու կառուցվել է Երևանի
ՀԷԿ-ի նոր շենքը։ 1967 թ. ՀԷԿ-ի հին շենքում բացվել է հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը:
Երևանի առաջին
ՀԷԿ-ը կառուցված է կոպտատաշ բազալտից, ազգային ճարտարապետության ավանդույթներով։ Ճարտարապետական
լակոնիկ ձևերով, շինանյութի գույնով և կոպտատաշ մշակմամբ ներդաշնակ է կիրճի բնապատկերի
հետ: Կառույցը հայկական ազգային ճարտարապետական մոտիվների կիրառման
և դրանց ժամանակակից հնչեղություն տալու թամանյանական առաջին փորձն է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան