ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲԱՐՍԵՂ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
1905
Տունը գտնվում է Աբովյան փողոցում։ Կցակառուցված է եղբոր՝ Գրիգոր Եղիազարյանի տանը։
Բարսեղ Եղիազարյանը տունը կառուցել է XIX դարի 80-ական թթ. առաջին կեսին (1884)։
Տունը եղել է երկհարկանի՝ կառուցված տուֆ քարից։ Տանիքը ծածկված էր թիթեղով։ Ուներ 7 վառարան, 15 դուռ և 47 պատուհան։ Պատշգամբը եղել է փայտից և երկաթից։ Հատակը նույնպես փայտից էր։ Ուներ 12 սենյակ և 2 խոհանոց։ Բակում կար 3 կրպակ։
Թեև առանձնատան կառուցման պաշտոնական տարեթիվ է համարվում 1884 թվականը, սակայն կառուցումն ավարտվել է, հավանաբար, ավելի ուշ՝ XX դարի սկզբին (1905)։
Տունը պատկանել է քաղաքային դումայի անդամ,
մեծահարուստ վաճառական, հասարակական գործիչ, բարեգործ և Երևանյան ջրմուղի կառուցման
հովանավորներից Բարսեղ Եղիազարյանին։ Վերջինիս էին պատկանում նաև 1876 թ. հիմնադրված
Գործվածքեղենի և բամբակի առևտրական ընկերությունը, «Բ. Ե. Եղիազարյան և ընկ.» առևտրական
տունը, Բամբակամամլիչ գործարանը և այլն։
1914 թ. Բ. Եղիազարյանի ժառանգները շենքի վերին
հարկը զիջել են բարեգործական «Հայկական հիվանդանոցին»։ 1920 թ. շենքի պատշգամբից հռչակվել է Հայաստանի խորհրդային իշխանությունը։ Այնուհետև մինչև 1937 թ. այստեղ է գտնվել ՀԿԿ Կենտրոնական կոմիտեն։ 1951–1981 թթ. եղել է Ստ. Շահումյանի անվան քաղաքային լուսավորության տունը, 1981-ից՝ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչությունը։
2015–2017 թթ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ։
2017-ից որոշ ժամանակ շենքի մի մասում գործել է «Նոյյան տապան» գրախանութը։
Բարսեղ Եղիազարյանի առանձնատունը երկհարկանի է։ Հիմնական մասնաշենքում կենտրոնացված է շքասենյակների և բնակելի սենյակների խումբը։ Ավելի նեղ կողային թևում օժանդակ սենյակներն են։ Նախասրահն ու սանդղավանդակը տեղավորված են առանձին բջջում։ Բակի կողմից կան սրահներ։ Վերին հարկի կենտրոնում գտնվում է սրահի հետ կապված բարձակային պատշգամբը։
Գլխավոր՝ հյուսիս-արևմտյան ճակատի սիմետրիկությունը խախտվում է միայն մուտքի տեղադրությամբ։ Կողմնային ուղղաձիգ ջլատումները բաժանում են ճակատը և միաժամանակ ընդգծում մուտքի տեղադրությունը։ Պատը մշակված է խոր ժապավենաձև կոպտատաշ քարերով։ Բացվածքները կիսաշրջանաձև են՝ կամարակապ։ Ներքևի շարքում դրանք մշակված են կոպտատաշ քարով, իսկ վերևում երիզված են տափակ արխիվոլտերով։ Ուղղաձիգ ջլատումներում պատուհանները եռափեղկ են՝ միջնամասերում հոնիական սյուներով։ Բարձակային պատշգամբը հենվում է ցանցկեն մետաղե նեցուկների վրա և ունի նույնատիպ ճաղաշար։
Շենքի դեկորատիվ հարդարանքը կենտրոնացված է երկրորդ հարկում․ լուսամուտատակի որմնախորշերը հարդարված են խոշոր բուսական զարդաքանդակներով, բարավորներում կան տարատեսակ վարդյակներ, ծոփորը զարդարված է պարզ հյուսքաքանդակով, իսկ պսակող քիվը՝ ատամիկներով և մոդուլյոններով։
Պատերը կրող են, ծածկերը՝ հարթ, փայտե։ Տանիքը թեք է։ Փողոցի ճակատը երեսպատված է սև տուֆով։