ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Պետ․ ցուցիչ՝ 1․6․72
Ղ․ Փարպեցու փող․, թիվ 9 բ հասցեում է՝ բնակելի խիտ կառուցապատման մեջ։ Նախնական շինությունը փոքր մատուռ էր՝ կառուցված Անանիա առաքյալի գերեզմանի վրա, որը գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս՝ հյուսիսային կողմում: XVII դ․ առաջին քառորդին Մովսես վարդապետը (հետագայում՝ Ամենայն Հայոց Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս՝ 1629-1632) Երևանի բնակիչների ու վաճառականների միջոցներով այդ մատուռի շուրջը հիմնել է անապատ, կառուցել փայտաշեն, պարսպապատ համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, միաբանների խցերից, հիմնել է վանական դպրոց, որը եղել է ժամանակի հոգևոր և գիտական կենտրոններից մեկը:
1635-1636 թթ․, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ անապատի
բոլոր շինությունները, բացի մատուռից, ավերվել են։ 1637 թ․ Ամենայն Հայոց Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը (1632-1655)
վանքը վերաշարել է քարից, սակայն Արարատյան դաշտավայրի 1679 թ․ մեծ երկրաշարժից անապատը
դարձյալ ավերվել է։ Ներկայումս կանգուն, մեկ զույգ մույթերով, եռանավ բազիլիկ Սբ Աստվածածին
եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից եռակամար բաց գավիթ-սրահը կառուցվել են 1693 թ․ երևանցի մեծահարուստ
Խոջա Փանոսի նվիրատվությամբ։ Եկեղեցու ներսից՝ հս մույթի կողքից բացվել է մուտք դեպի Սբ Անանիայի դամբարան: 1889 թ. դամբարանը
բաժանել են եկեղեցուց, ներսից մուտքը փակել են և վրան կառուցել են եկեղեցուց անջատ,
ութասյուն, գմբեթավոր ներկայիս փոքր մատուռը: Այստեղ է Անանիա առաքյալի տապանաքարը:
Եկեղեցուց հարավ-արևմուտք դարպասն է (XVII-XIX դդ., պարիսպը չի պահպանվել): Եկեղեցու շուրջը երբևէ եղած գերեզմանոցից տարածքի հվ կողմում պահպանվել են մի քանի տապանաքարեր՝ 1811, 1891 և 1918 թվակիր տապանագրություններով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված են Խոջա Փանոսի ընտանիքի անդամներին նվիրված
արձանագիր խաչքարեր: Արձանագիր խաչքարեր
կան նաև արևմտյան պատին` գավթի մեջ, որոնցից մեկը Հովհաննես կազմողի կերտած խաչքարն
է (XV դ.):
1781 թ. Անանիա
առաքյալի անապատի առաջնորդ Ավետիս վարդապետը եկեղեցու խորանում կանգնեցրել է քարե խաչկալ:
1793 թ. եկեղեցու տանիքը նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից, ով XVIII դ. Երևանում
հայտնի Գեղամյան տոհմից էր:
Վանական հաստատությունը
գործել է մինչև 1835 թ., որից հետո վերածվել է ծխական եկեղեցու։ Այստեղ պահվող և հրաշագործ
համարվող «Զորավոր» Ավետարանի անունով եկեղեցին կոչվել է Զորավոր Սբ Աստվածածին։
1978-1980 թթ. կատարվել են որոշ վերափոխումներ. գավթի կամարները փակվել են լուսամուտներով, կենտրոնական կամարը վերածվել է գլխավոր մուտքի, դահլիճի ամ մասում ավելացվել է վերնահարկ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան