ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ


1996-2001 թթ.


Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Կոնստրուկտորներ՝ Հովհաննես Մերոյան, Յուրի Դալլաքյան

Հովանավորներ՝ Լուիզ-Սիմոն և Ռիչարդ Մանուկյաններ, Նազար և Արտեմիս Նազարյաններ, Գևորգ և Լինդա Գևորգյաններ, Էդուարդո Էոռնեկյան

Գտնվում է Օղակաձև զբոսայգու հարավարևելյան մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց՝ բարձրադիր վայրում:  

Մայրաքաղաքի մայր եկեղեցին է՝ կառուցված 1996–2001 թթ., ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Եկեղեցին կառուցվել է Ռիչարդ և Լուիզ-Սիմոն Մանուկյանների նվիրատվությամբ` ի հիշատակ հանգուցյալ ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյանների։ Երկու մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, իսկ զանգակատունը՝ Էդուարդո Էոռնեկյանի նվիրատվություններով:

Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին համալիրային կառույց է՝ բաղկացած եկեղեցուց, 301 թ. քրիստոնեություն ընդունած Հայոց Տրդատ Արշակունի թագավորին և Աշխեն թագուհուն նվիրված մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից։ Կառուցված են նաև վանատուն և ավտոկայանատեղեր: Գավթում են պահվում Նեապոլի Սբ Գրիգոր Հայի (Գրիգոր Լուսավորչի, Սան Գրեգորիո Արմենո) եկեղեցուց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բերած Հայոց առաջին քահանայապետ Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք Վեհափառ հայրապետին է հանձնել Հռոմի Հովհաննես Պողոս II պապը, 2000 թ. նոյեմբերի 11-ին, Վատիկանում:

Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարն, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և նման չէ հայ միջնադարյան որևէ եկեղեցու։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Երվանդ Քոչար փող.
+37410 543 332