ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
Երևանի պատմական թաղամաս (Կոնդ)
Նեղ, անհարթ, զառիվեր ու ճառագայթաձև փողոցներով բացվող բլուրը Երևանի կենտրոնում գտնվող քաղաքի ամենահին թաղերից է:
Կոնդը պատմական հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։
Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։
Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։
Այն միանշանակ դուր կգա նրանց, ովքեր ցանկանում են զգալ փոքր, բայց հին «քաղաք»-ի շունչը ժամանակակից մայրաքաղաքում:
Ճանապարհները Ձեզ կտանեն լաբիրինթոս հիշեցնող նեղլիկ փողոցներով, ուր տներն անհամաչափ աղյուսներից են՝ հնաոճ, գունավոր, փայտե դռներով: Պատրաստվեք տեսնել մի յուրահատուկ հին քաղաք, որ հաստատ տարբերվելու է երբևէ Ձեր այցելածներից:
Բոլոր ժամանակներում Կոնդի կարևորագույն կենտրոնը եկեղեցին էր՝ ծխական դպրոցով: Այստեղ է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Կոնդում ձեռակերտ ճարտարապետություն է՝ առանց ճարտարապետի: Լանջից սանդուղքաձև իջնող, միահարկ, հաճախ միաձուլված հողաշեն տներ են՝ ընդհանուր բակերով:
Պարսկական շրջանը Կոնդում հիշեցնում է 17-րդ դարի վերջին մզկիթը, որն իր կից դպրոցով դադարել է գործել 1828թ.:
1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո կիսավեր մզկիթում են ապաստանում գաղթական ընտանիքներ:
Կոնդն ինքնին պատմամշակութային արժեք է: Այստեղով էին անցնում նաև պատմական երկու ջրանցքները՝ Մամռի և Աբուհայաթի: Թաղամասը հայտնի էր նաև պտղատու այգիներով, հատկապես՝ խաղողի: Բակերն ու փողոցները միահյուսած խաղողի վազերն այսօր էլ հիշեցնում են երբեմնի Կոնդը:
Չնայած բարձր դիրքին՝ Կոնդը դեռ 18-րդ դարում ունեցել է թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջուր: Սառնորակ աղբյուրները պահպանվել են մինչ օրս:
Կոնդը հին քաղաքային միջավայրի անբացատրելի ձգողականությամբ այստեղ էր բերում արվեստագետներին. ամեն տուն անցյալի ու ներկայի պայքար է խորհրդանշում:
Թաղի առաջամասում ազնվականների երկհարկանի տներն էին:
Կոնդի տարածքը շուրջ 16 հա է, բնակչությունը՝ 4000-4500 հազար: Բնակիչների մի մասն այստեղ վարձակալությամբ է ապրում: Կենցաղային պայմանները շատերին ստիպել են կողպել փայտե դռները: Նրանք, ովքեր ապրում են, դեռ սպասում են ... Կոնդեցիների համար ամենասպասվածը թաղամասի վերակառուցումն է: Ծրագիր, որը կլինի ավանդական հնի ու նորի համադրությամբ ու նոր շունչ կհաղորդի թաղամասին: