ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԷՐԵԲՈՒՆԻ (ԱՐԻՆ ԲԵՐԴ)
Մ.թ.ա. 782 թ.-մ.թ.ա. IV դ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.19
Կառուցող՝ Վանի թագավոր Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764 թթ.)
Քաղաքի հարավարևելյան կողմում է՝ Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջակայքում՝ Արին բերդ բլրի (բարձրությունը՝ 60 մ) վրա: Առաջին անգամ հիշատակվում է Վանի թագավորության (Բիայնիլի) հզորագույն արքաներից մեկի՝ Արգիշտի Ա-ի Խորխոռյան տարեգրության մեջ, որում ասվում է, որ Արգիշտին իր գահակալության 5-րդ տարում (մ.թ.ա. 782 թ.) ամայի վայրում հիմնադրել է Էրեբունի քաղաքը` այստեղ վերաբնակեցնելով 6600 զինվոր:
Ունեցել է ռազմավարական խոշոր նշանակություն Արարատյան դաշտում
և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում Վանի թագավորության դիրքերն ամրապնդելու
համար, եղել է վարչական և պաշտամունքային խոշոր կենտրոն: Մ.թ.ա. VII դ. տեղը զիջել է քիչ հեռու կառուցված Թեյշեբաինի քաղաքին (Կարմիր բլուր): Մ.թ.ա. V-IV դդ. Էրեբունին կարևոր բնակավայր էր աքեմենյան Պարսկաստանի XVIII սատրապության կազմում: Գոյատևել է մինչև մ.թ.ա. IV դ. երկրորդ կեսը:
Քաղաքատեղիի կազմում է միջնաբերդը (մ.թ.ա. VIII-VII
դդ.)։ Այն Արին բերդ բլրի գագաթին եռանկյունաձև հատակագծով, 5-6 մ բարձրությամբ պահպանված հզոր
բերդապարիսպներով շինություն է՝ կառուցված բազալտից, տուֆից և հում աղյուսից: Ունեցել է երեք հիմնական հատված՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական: Բլրի գագաթին՝ միջնաբերդի մուտքի մոտ, 1950 թ. հայտնաբերվել է Էրեբունիի հիմնադրման մասին Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 782 թ.), որի 13-տողանոց տեքստը փորագրված
է 69x38 սմ չափերով հրաշալի մշակված բազալտե որմնաքարի վրա: Սեպագիրը համայն հայության մայրաքաղաք
Երևանի «ծննդյան վկայականն է» (ըստ մասնագետների՝ «Էրեբունի» անվանաձևից է առաջացել «Երևան» անունը) և հիմք է հանդիսացել 1968
թ. նրա հիմնադրման 2750-ամյակը նշելու համար:
Էրեբունի բերդաքաղաքի ամենամեծ շինությունը Արգիշտի Ա-ի կառուցած մեծ պալատն է (մ.թ.ա. VIII-VII դդ.): Ուղղանկյուն հատակագծով, 60x80 մ չափերով կառույցը բաղկացած է երկու` հանդիսավոր-ծիսական և բնակելի, տնտեսական-պահեստային մասերից: Ունի ընդարձակ դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջ խմբավորված են տարբեր նշանակության սենյակներ: Ուղղանկյուն հատակագծով փոքր պալատը (մ.թ.ա. VIII դ.) կենտրոնական բակի հյուսիսարևելյան կողմում է: Խալդ աստծո տաճարը (մ.թ.ա. VIII-VI դդ.) ուղղանկյուն կառույց է, որը հյուսիսարևելյան ճակատային մասով ուղղված է դեպի միջնաբերդի կենտրոն: Երվանդունիների ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV դդ.) կառուցված պալատական «Հրո» տաճարը միջնաբերդի կենտրոնական բակի հյուսիսային անկյունում է. պահպանվել են միայն հիմքերը: Միջնաբերդի մեծ պալատի թևերից մեկում «Սուսի» տաճարն է (մ.թ.ա. VIII դ.), որը վերակառուցվել և ներառվել է «Հրո» տաճարի մեջ: Միջնաբերդի շուրջը բնակելի կամ քաղաքային թաղամասն է (մ.թ.ա. VIII դ.), որը զբաղեցնում է մոտ 200 հա տարածք: Բնակելի ու տնտեսական մի քանի սենյակներից բաղկացած տների մնացորդներ են պեղվել միջնաբերդի տարբեր հատվածներում: Հայտնաբերվել են Վանի թագավորության խեցեգործությանը բնորոշ անոթների բեկորներ: Ուշագրավ է 1968 թ. միջնաբերդից արևմուտք հայտնաբերված, մ.թ.ա. V-IV դդ. թվագրվող արծաթե եղջերանոթների գանձը:
1968 թ. հոկտեմբերին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության օրերին, բացվեց Արին բերդ բլրի արևմտյան ստորոտին կառուցված «Էրեբունի» թանգարանը (այժմ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան): Շենքը կառուցվել է ճարտարապետներ Շմավոն Ազատյանի և Բաղդասար Արզումանյանի նախագծով: Ուղղանկյուն հատակագծով, 24x27,05 մ չափերով երկհարկանի կառույցը կրում է Վանի թագավորության շրջանի ճարտարապետության տարրեր: Թանգարանում ցուցադրվում են Էրեբունի, Շենգավիթ և Թեյշեբաինի քաղաքատեղիների պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութեր: Շենքի չորս ճակատները հարդարված են հարթաքանդակներով, որոնց հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է: Քանդակների թեման բիայնական պետությունն է՝ իր պատմությամբ, պաշտամունքով ու մշակույթով: Շենքի գլխավոր ճակատի կենտրոնում Արգիշտի արքայի դիմաքանդակն է, աջ և ձախ կողմերում՝ նետաձիգներ և շինարարներ: Մյուս ճակատներին քանդակված են գլխավոր Խալդ աստվածը, որսի տեսարան և այլն:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան