ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ


1940


Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Բաբկեն Հակոբյան,
Նորա Հակոբյան, Սպարտակ Կնտեղցյան

Գտնվում է Մյասնիկյան պողոտայում՝ Աղվեսաբերդ հնագույն բերդավայրի և նույնանուն միջնադարյան ջրանցքի մոտ։

Հիմնադրվել է 1940 թվականին, շինարարությունը սկսվել է 1941-ին և ավարտվել 1950-ին։ Վերակառուցվել է 1959 և 1975 թվականներին, որի ընթացքում տարածքն ընդլայնվել է։ Գլխավոր մուտքը գտնվում է Մյասնիկյան պողոտայի կողմից։

Գլխավոր մուտքից լայն ծառուղին տանում է դեպի կենդանաբանական այգու սկզբնամաս, որտեղ կառուցված են լճակ և խաղահրապարակ։ Քիչ հեռու գտնվում են շատրվաններով ծաղկանոցները, որոնց շուրջը տեղադրված են հանգստի տաղավարներ։

Գլխավոր ծառուղուց ձախ գտնվում է վարչական շենքը։ Նախկին քարհանքի տարածքում տեղակայված են կենդանիների համար նախատեսված վանդակներ և ցանկապատված գոտիներ։

Ծառուղիների նախագծման ընթացքում հաշվի է առնվել այգու «բնակիչների» լավ տեսանելիությունը։

Սկզբնական շրջանում այգում եղել են շուրջ երկու տասնյակ կենդանիներ, որոնք բերվել էին Երևանում անցկացված պետական կենդանաբանական XII ցուցահանդեսից։ Վերակառուցումների արդյունքում կենդանիների տեսակներն ու թվաքանակը ավելացել են՝ 1980 թվականին հասնելով շուրջ 350-ի։ 1990-ական թվականների սկզբներին կենդանիների քանակը զգալիորեն նվազել է, սակայն հետագայում այգին վերականգնվել և հարստացվել է։

Այսօր կենդանաբանական այգու 35 հա տարածքում պահվում են Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և տարբեր մայրցամաքներում բնակվող կենդանիների ու թռչունների ավելի քան 160 տեսակ։ Այստեղ ներկայացված կենդանիների զգալի մասը ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում։

Այգին հանդիսանում է Եվրասիական կենդանաբանական այգիների միության հիմնադիր անդամ և Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (EAZA) անդամակցության թեկնածու։

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթիից կիրակի՝ 10:00-19:00

Տոմսեր

https://old.mootq.com/other/gardens/yerevanzoo


Մյասնիկյան պող., 20
+37410 562 362