ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ
XVIII դ.
Վերակառուցված՝ 1949 թ.
Վերջին վերակառուցումը՝
2007 թ., ծրագրի հեղինակ՝ Պիեռ Ռամբախ (Շվեյցարիա)
Վերահսկող
ճարտարապետ և ծրագրի համակարգող՝ Սարհատ Պետրոսյան
Մեկենասությամբ՝
Ալբերտ և Ժան Պողոսյանների (Շվեյցարիա, Բելգիա)
Իրականացումը՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամի
Այգին գտնվում է Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի, ՀՀ Ազգային ժողովի շենքի (նախկին՝ ՀԿԿ ԿԿ-ի շենք) և ՀՀ նախագահի նստավայրի (նախկին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենք) հարևանությամբ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի հատման հատվածում:
Այգին գոյություն է ունեցել առնվազն XVIII դարից:
Տարածքն անանուն ձևով ներկայացված է Բորիս Մեհրաբյանի 1906-1911 թթ. կազմած Երևան քաղաքի
հատակագծի վրա: 1949 թ., ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի
կապակցությամբ անվանել են «Պուշկինի այգի»: 1970 թ. վերանվանել են «Բարեկամության այգի»՝
ի նշան ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության, բայց գործածական է եղել նաև նախկին անվանումը: 1981 թ. այգու հյուսիսարևմտյան կողմում կառուցվել է Երևանի մետրոպոլիտենի
«Մարշալ Բաղրամյան» կայարանը, որի հարավային մուտքը բացվում է այգու մեջ: Հայաստանի անկախացումից հետո՝ 1995 թ., այգին վերանվանվել է «Սիրահարների այգի»:
2006-2007 թթ. այգին վերակառուցվել է ճապոնական ոճով՝ «Ռոբերդ Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ: Վերակառուցման նախագիծը կազմել է լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել
2008 թ. հոկտեմբերի 17-ին:
Այգին զբաղեցնում է 1.6 հա ընդհանուր տարածք,
որից կանաչապատ տարածքը 1.05 հա է, ջրային տարածքը՝ 0.11 հա: Կառուցվել են անցուղիներ,
ջրուղիներ, արհեստական լճակ՝ երկու կղզյակներով, չորս արհեստական ջրվեժ, ամֆիթատրոն,
կամրջակներ, տաղավարներ, ցայտաղբյուրներ, մանկական խաղահրապարակ, տեղադրվել են քարային
տարբեր հորինվածքներ: Տնկվել են նոր ծառեր: Մուտքեր ունի Մարշալ Բաղրամյան պողոտայի
և Դեմիրճյան փողոցի կողմից:
2010 թ. այգում տեղադրվել է Գևրոգ Էմինի
բրոնզաձույլ հուշարձանը (քանդակագործ՝ Աշոտ Արամյան [Մոսկվա]): Այգին եղել է անվանի հայ բանաստեղծի
սիրած վայրը, որտեղ նա զբոսնել է, հանգստացել, հանդիպել ընկերների հետ: Այգու մյուս
քանդակներից են «Սիրո միությունը» (2017 թ., բրոնզ, ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան,
քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, հովանավոր՝ Իլյա Սարկիսով), «Արմենուհին» (1968 թ., տեղադրված՝
2009 թ., կավ, քանդակագործ-խեցեգործ՝ Հռիփսիմե Սիմոնյան), «Երեք փղերը» (ցանցկեն, պողպատ,
տեղադրված՝ 2017 թ., քանդակագործ՝ Նադիմ Քարամ [Լիբանան]), «Վանակատե սիրտը» (2014
թ., Ժան-Միշել Օտոնիել [Ֆրանսիա]):
Սիրահարներ այգին առաջին և միակ ճապոնական
ոճի այգին է Հայաստանում: Այն ոչ միայն հանգստյան ու ժամանցի, այլև՝ տարբեր միջոցառումների
անցկացման վայր է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան