ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՅԳԻ


1850


Անգլիական այգին Երևանի առաջին հասարակական զբոսայգին է։ Այն Երևանի ամենահին կանաչ տարածքներից մեկն է։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։

Այգին հիմնադրվել է 1850 թվականին, իսկ պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին՝ դառնալով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։

1898 թ. քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյանն այգում լուրջ բարեփոխումներ է կատարել: Այնուհետև այգու բարեկարգման գործը շարունակել է Իսահակի եղբայրը` նոր քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանը։ Նրա միջոցներով այգու համար կաղնու ծառեր են բերվել Ռուսաստանից և Լեհաստանից:

Այգին կառուցվել և բարեկարգվել է եվրոպական ձևով և հավանաբար, դա էր պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանց կարծիքով, այգին այդպես է կոչվել ի պատիվ այն բարեկարգող օտարերկրացիների, իսկ ամենահավանական վարկածն այն է, որ վերևից դիտելիս՝ այգին իր արահետների դասավորությամբ նման է անգլիական դրոշին։ 

Անգլիական այգին անվանում են նաև «Թատերական այգի», քանի որ դրա տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Անգլիական այգին վերածվել է զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանվել է 26 կոմիսարների անունով, ինչը երևանցիների խոսքում կրճատվելով դարձել է «Կոմայգի»։

Այգին նորոգվել է 1919 թվականին։ 1920 թվականին Անգլիական այգում կայացել է Հայաստանի նորագույն պատմության առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ Երևանի և Ալեքսանդրապոլի (ներկայումս՝ Գյումրի) թիմերի միջև։

Այգու տարածքում ժամանակին գործել է «Մասիս» ռեստորանը։ Ներկայումս այդ տարածքում գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

2000-ական թվականների սկզբին այգին կորցրել է իր տարածքի զգալի մասը։ Նորակառույց Իտալիայի փողոցը հատել է դրա հյուսիսային հատվածը՝ մեկուսացնելով այգու մի մասը, որտեղ հետագայում հիմնվել է Երևանի 2800-ամյակի այգի։


Իտալիայի փողոց
+37410 448 805