ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1850-1860, 1924, 1960-ական


Պետ. ցուցիչ՝ 1.6.102

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

 

Գտնվում է Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում։ Նալբանդյան փողոցով միանում է Հանրապետության հրապարակին և կարևոր դեր ունի քաղաքի կենտրոնի քաղաքաշինական կառուցվածքի ձևավորման մեջ։

Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի 1924 թ. կազմած Երևանի գլխավոր հատակագծում հրապարակը ներկայացվել է ընդլայնված սահմաններով՝ պարսկական տիրապետության շրջանում Փանահ խանի, իսկ ռուսական տիրապետության շրջանում Նոր կոչված հրապարակի (1850–1860-ական թթ.) տեղում։

Հրապարակի կառուցապատումը սկսվել է 1920-ական թվականների վերջին և հիմնականում իրականացվել 1930-ական թվականներին։ Հրապարակի առաջին կառույցը ՀԽՍՀ Պետական ապահովագրության շենքն է (1929–1931, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար)։

Պատմական կառույցներից պահպանվել է միայն Նալբանդյան և Վարդանանց փողոցների անկյունում գտնվող երկհարկանի շինությունը՝ նախկին Արքունական պալատը և նահանգական գանձատունը (1901, սև տուֆ, ճարտարապետներ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին)։

Մինչև 1991 թ. Սախարովի անվան հրապարակը կրել է բոլշևիկ հեղափոխական, Բաքվի կոմունայի անդամ Մեշադի Ազիզբեկովի անունը։ 2000 թ. նրա հուշարձանի տեղում, գլանաձև բազալտե պատվանդանի վրա, տեղադրվել է աշխարհահռչակ ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկի՝ Անդրեյ Սախարովի կիսանդրին (ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։

Սախարովի անվան հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակներից է։


Սախարովի հրապարակ