ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Ազատության հրապարակ
Երևանի Ազատության հրապարակը գտնվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում։
Հրապարակը կառուցվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Թատրոնին կից լինելու պատճառով կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։
Հանրապետության հրապարակի հետ մեկտեղ Ազատության հրապարակը համարվում է Երևանի կենտրոնական երկու գլխավոր հրապարակներից մեկը։ Սահմանակից է 4 փողոցներին՝ Թումանյան, Տերյան, Սայաթ Նովա և Մաշտոցի։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։
Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան) բրոնզե և գրանիտե արձանները։
Հրապարակի արևելյան կողմում՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, 1960-ականների սկզբին կառուցվեց արհեստական ջրամբար՝ «Կարապի լիճը»՝ Սևանա լճի տեսքի նմանությամբ։
2003 թվականի հուլիսի 4-ին Կարապի լճի ափին գտնվող հրապարակի մոտ կանգնեցվել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձանը։