ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ (ԳՅՈՅ ՄԶԿԻԹ, ՀՈՒՍԵԻՆ ԱԼԻ ԽԱՆԻ ՄԶԿԻԹ, ԳՅՈՅ ՋԱՄԻ)
Կապույտ մզկիթը Անդրկովկասի լավագույն պարսկական մզկիթն է: 1765-1766
Պետ. ցուցիչ` 1.6.150
Կառուցող՝ Երևանի սարդար Հուսեին Ալի խան
Կապույտ մզկիթը, ըստ հարավային դարպասի ճակատի արձանագրության,
կառուցել է Երևանի սարդար Հուսեին Ալի խանը, 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Այն Երևանի մզկիթներից ամենամեծն ու ամենանշանավորն
էր՝ կառուցված շիա դավանանքի մզկիթներին հատուկ ճարտարապետական ոճով: Կապույտ մզկիթի
տեղում մինչ այդ գտնվել է Դեֆ սուլթանի մզկիթը, որը քանդվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով:
Կապույտ
մզկիթը նկարագրել են շատ-շատերը՝ պրուսական ազգագրագետ Ավգուստ Հաքստհաուզենը, իտալացի ճանապարհորդ Լուիջի Վիլլարին, Երևանի
թեմի առաջնորդ Հովհաննես Շահխաթունյանցը: Անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը, 19-րդ
դ. վերջին լինելով Հայաստանում, հիացմունքով նկարագրում է հուշարձանի ճարտարապետությունը,
գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը, ինչպես նաև նշում է, որ մզկիթն ուներ իր հոգևոր-տարրական դպրոցը:
Խորհրդային
իշխանության տարիներին՝ կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում, մեծանուն
բանաստեղծ Եղիշե Չարենցի և մի քանի այլ հայ մտավորականների ջանքերով մզկիթի շենքը փրկվել
է, վերցվել պետական հսկողության տակ: 1937-1982 թթ. այստեղ գործել են Երևանի պատմության
ու բնագիտության թանգարանները, իսկ մզկիթի փոքր սրահը հետագայում օգտագործվել է որպես
պլանետարիում: 1937 թ. մզկիթի երկու դահլիճների միջև բացվել է դուռ (թանգարանի համար):
1940 թ. և 1972 թ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ:
1991
թ.՝ Հայաստանի անկախացումից հետո, Իրանի կառավարության խնդրանքով մզկիթը որպես աղոթավայր
հանձնվել է Իրանի Հանրապետության դեսպանությանը: 1994-1998 թթ., վերակառուցվել է իրանական
կողմի միջոցներով։ 2006 թ. վերանորոգվել է լայնանիստ գմբեթը։ Մզկիթը դարձել է ոչ միայն
շիա դավանողների աղոթատեղի, այլև՝ հոգևոր-մշակութային կենտրոն, որտեղ պարբերաբար անցկացվում
են միջոցառումներ, կազմակերպվում են գիտաժողովներ, ցուցադրություններ, դասընթացներ:
Համալիրն
ունի ուղղանկյուն (97.2 x 66.5 մ) հատակագիծ, 71 x 47 մ չափերով ներքին բակ, որի շուրջ
խմբավորված են կառույցները: Մուտքերը երեքն են: Հարավայինը և արևմտյանը մեծ դարպասներ
են, իսկ արևելյանը փոքր դուռ է, որը տանում է դեպի բակ: Բակը սալահատակված է տուֆով,
կենտորոնում կառուցված է շատրվանով քարե ջրավազան, որի շուրջ ստվերախիտ ծառերով ծածկված
լայն ու խնամքով սալահատակված հրապարակ է։ Համալիրի հարավարևմտյան անկյունում բարձր,
շրջանաձև մինարեթն է (20 մ): Համալիրի հյուսիսային և հարավային մասերում տեղադրված
են աղոթասրահները, իսկ արևելյան և արևմտյան մասերում՝ ուսումնական խցերը: Խցերը քառակուսի
են, թաղածածկ, առջևում ունեն դեպի բակ բացվող կամարակապ սրահներ: Համալիրի շենք-շինություններն
ամբողջովին կառուցված են աղյուսից: Գմբեթները և մինարեթը երեսպատված են երկնագույն,
դեղին, կանաչ գույներով ջնարակված աղյուսի սալիկներով:
Մզկիթը
գտնվում է Մ. Մաշտոցի պողոտա 12 հասցեում: