ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՔԱՆԱՔԵՌԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1910-ական թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.3
Գտնվում է Քանաքեռի 6-րդ փողոցում։ Փողոցից
սահմանազատված է ցանկապատով։ Երևանի շրջագծի մեջ գտնվող XIX դ. վերջի – XX դ. սկզբի
կրթական կարևոր օջախներից է։ Հիմնադրվել է 1864 թ.։ Շենքը կառուցվել է 1910-ական թթ.։
Գործել է մինչև խորհրդային շրջանը։ Հետագայում ծառայել է որպես գյուղատնտեսական իրերի
և մթերքի պահեստ։
Նորոգվել և բարեկարգվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
և Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով։ Այժմ շենքում գործում է Քանաքեռի
մանրանկարչության դպրոցը։
Ուղղանկյուն հատակագծով միահարկ շինություն
է։ Երկայնական առանցքով ձգվող միջանցքի երկու կողմերում տեղակայված են դասասենյակները։
Աստիճաններով մուտքը բացված է գլխավոր՝ արևմտյան ճակատից։ Վերջինս երեսապատված է սրբատաշ
տուֆով և առանձնանում է սվաղված մյուս պատերի ֆոնի վրա։ Նրա համաչափ կառուցվածքը բաժանված
է կողային ջլատումներով և կենտրոնական ելուստով։ Ռուստով երիզված ուղղանկյուն բացվածքները
ունեն զույգերով խմբավորվածություն՝ մեկական՝ ջլատումների միջև, երկուական՝ մուտքից
աջ և ձախ։ Ճակատն ավարտվում է լակոնիկ
քիվով։