ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1956-1978 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.96.3
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան
Գտնվում է Հանրապետության հրապարակի հարավարևելյան մասում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Վազգեն
Սարգսյան փողոցի կողմից:
Շենքի ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը: Նախագծման
և շինարարության աշխատանքներին մասնակցել են նաև ճարտարապետ Ա. Ա. Ղազարյանը և կոնստրուկտոր
Բ. Ա. Դանոյանը:
Ներքին յուրահատուկ գործառնական ճարտարապետական լուծումներով երկու ինքնուրույն շենքեր են: Հրապարակի ճարտարապետական միասնության նկատառումով հրապարակին ուղղված դրանց ճակատները վերակառուցվել և մշակվել են՝ որպես ճարտարապետական ու գեղարվեստական միասնական հորինվածք: Արհմիությունների շենքը և Կապի տան վերակառուցված շենքը նախագծվել են ինքնուրույն, սակայն լուծված են դեպի հրապարակ դուրս եկող համաչափ ճակատներով և միավորված են 14 մ բարձրությամբ կամարով, որի միջոցով բացվում է Արարատ լեռան տեսարանը (հետագայում տեսարանը փակվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով Ագաթանգեղոսի
փողոցի վրա, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի դիմաց 11-հարկանի բնակելի շենքի կառուցման
պատճառով):
Արհմիությունների շենքի ձախակողմյան հատվածում Կենտրոնական փոստն է: Նախկին ոչ մեծ երկհարկանի շենքը 1920-ական թթ. սկզբին քանդվել և տեղում կառուցվել է նորը: 1935 թ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով այն վերակառուցվել և հետագայում ընդգրկվել է 1956 թ. կառուցված միասնական շենքի հորինվածքում:
Շինանյութը Անիի սրբատաշ տուֆն է: Չափերն են. բարձրություն՝ 25 մ, ճակատների երկարություն՝ 216 մ, աղեղնաձև մաս՝ 78 մ, լայնություն՝ 76 մ:
Արհմիությունների տան և կապի նախարարության շենքը կարևոր դեր
ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում: «Արմենիա» հյուրանոցի հետ մեկտեղ, որը կառուցված է համանման սկզբունքով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարական շենքերի խմբից:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան