ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ


1910


Պետ. ցուցիչ՝ 1.6.206.2
Նախագծի հեղինակ՝ Բորիս Մեհրաբյան

Նախկինում՝ ՖԱԴԵՅ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ

Գտնվում է Արամի (նախկին՝ Ցարական, Սպանդարյան) փողոցում։ Տան տեղում եղել է Նուբար Եղիազարյանի մեկհարկանի, հում աղյուսից կառուցված տունը, որը նա 1904 թ. օգոստոսին վաճառել է Երևանի պատվարժան քաղաքացի, մեծահարուստ Ֆադեյ Թայիրի Քալանթարյանին։ Ներկայիս երկհարկանի, նկուղով շենքը կառուցվել է 1910 թ.։

1917 թ. Թիֆլիսից Երևան է տեղափոխվում ժամանակի նշանավոր հասարակական-քաղաքական, պետական և ռազմական գործիչը՝ 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից, ՀՅԴ կուսակցության անդամ, Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, 1879–1919)։ Քաղաքի բնակչությունը նրան դիմավորում է մեծ ոգևորությամբ, իսկ Ֆ. Քալանթարյանն Արամ Մանուկյանին նվիրում է իր երկհարկանի եկամտաբեր տունը։ 1917 թ. դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թ. հունվար՝ իր մահը, նա բնակվում է ընտանիքով այս տանը և հենց այստեղ էլ կնքում է իր մահկանացուն։

Արամի այրին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանը, դստեր՝ Սեդայի հետ, այս տանը շարունակել է ապրել ևս մի քանի տարի։ 1920 թվականից այս տանը բնակվել է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը (1873/1874–1947)՝ ընտանիքով։

Տունը բաղկացած է հիմնական մասնաշենքից (չափերն են՝ 16,9 × 13,5 մ) և կողաշենքից։ Ունի քանդակազարդ ճաղաշարով պատշգամբ և բակ տանող երթանց (դալան)՝ փողոցի կողմից։ 1990-ականներից շենքը վթարային վիճակում է։ 2000-ականների սկզբին ընդգրկվել է «Հին Երևան» համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում։ Շենքի գլխավոր ճակատին ամրացվել է Արամ Մանուկյանի բազալտե հուշատախտակը։

Շենքը արժեքավոր է որպես Երևանի XX դարի սկզբի ճարտարապետության հուշարձան։


Արամի փող. 9