ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ
1910
Նախկինում՝ ՖԱԴԵՅ
ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ
Գտնվում
է Արամի (նախկին՝ Ցարական, Սպանդարյան) փողոցում։ Տան տեղում եղել է Նուբար Եղիազարյանի
մեկհարկանի, հում աղյուսից կառուցված տունը, որը նա 1904 թ. օգոստոսին վաճառել է Երևանի
պատվարժան քաղաքացի, մեծահարուստ Ֆադեյ Թայիրի Քալանթարյանին։ Ներկայիս երկհարկանի,
նկուղով շենքը կառուցվել է 1910 թ.։
1917
թ. Թիֆլիսից Երևան է տեղափոխվում ժամանակի նշանավոր հասարակական-քաղաքական, պետական
և ռազմական գործիչը՝ 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից, ՀՅԴ կուսակցության
անդամ, Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի
Հովհաննիսյան, 1879–1919)։ Քաղաքի բնակչությունը նրան դիմավորում է մեծ ոգևորությամբ,
իսկ Ֆ. Քալանթարյանն Արամ Մանուկյանին նվիրում է իր երկհարկանի եկամտաբեր տունը։
1917 թ. դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թ. հունվար՝ իր մահը, նա բնակվում է ընտանիքով
այս տանը և հենց այստեղ էլ կնքում է իր մահկանացուն։
Արամի այրին՝ Հայաստանի
Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանը,
դստեր՝ Սեդայի հետ, այս տանը շարունակել է ապրել ևս մի քանի տարի։ 1920 թվականից այս
տանը բնակվել է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը
(1873/1874–1947)՝ ընտանիքով։
Տունը
բաղկացած է հիմնական մասնաշենքից (չափերն են՝ 16,9 × 13,5 մ) և կողաշենքից։ Ունի քանդակազարդ
ճաղաշարով պատշգամբ և բակ տանող երթանց (դալան)՝ փողոցի կողմից։ 1990-ականներից շենքը
վթարային վիճակում է։ 2000-ականների սկզբին ընդգրկվել է «Հին Երևան» համալիրի կառուցապատման
ներդրումային ծրագրում։ Շենքի գլխավոր ճակատին ամրացվել է Արամ Մանուկյանի բազալտե
հուշատախտակը։
Շենքը արժեքավոր է որպես
Երևանի XX դարի սկզբի ճարտարապետության հուշարձան։