ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ
1944, 1952
Գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում:
Գործարանի եռահարկ գլխավոր մասնաշենքի շինարարությունը
սկսվել է 1949 թ. և ավարտվել 1952 թ.։ 1953 թ. կոնյակի արտադրությունը, վերջնականապես
առանձնանալով Երևանի գինու-կոնյակի-օղու գործարանից, տեղափոխվել է նորակառույց շենք,
որտեղ թողարկվել է առաջին արտադրանքը։ Որպես շինանյութ հատուկ ընտրվել է կոնյակի գույնը
հիշեցնող կարմիր տուֆը։
Պատերին՝ տուֆե մակերեսների վրա, տեղադրված
են պատմական թեմաներով որմնաքանդակներ, որոնց հեղինակը քանդակագործ Արտաշես Հովսեփյանն
է։
Գլխավոր մասնաշենքի կողքին գտնվում է համանման
ճարտարապետական լուծումով վարչական շենքը։
Տարիների ընթացքում, արտադրության ընդլայնմանը
զուգահեռ, կառուցվել են փորձասենյակների մասնաշենքը (1975), որտեղ տեղավորված են նաև
ցուցասրահը և համտեսի սրահը, ինչպես նաև կուպաժային արտադրամասերը (1989)։ Ճարտարապետներն
են Սերգեյ Ներսիսյանը, Բաղդասար Արզումանյանը և Աշոտ Ալեքսանյանը։
Բոլոր շենքերն ունեն ժամանակակից և հայկական
դասական ճարտարապետական ձևերի համադրված լուծումներ։
Արտադրական կառույցների ճարտարապետության հետ
ներդաշնակորեն համադրվում են համալիրի տարածքում գտնվող դեկորատիվ-կիրառական արվեստի
գործերը (քանդակագործ-խեցեգործ՝ Հռիփսիմե Սիմոնյան), վաստակաշատ կոնյակագործ Մարգար
Սեդրակյանի հուշարձանը (1975), ինչպես նաև 1579 թ. կերտված՝ Հին Ջուղայի հայկական մեծ
գերեզմանատնից բերված պարոն Փիրբաշխի խաչքարը։
1998 թ. գործարանը սեփականաշնորհվել է և ընդգրկվել
«Pernod Ricard» միջազգային խմբի կազմում։