ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ


1896


Պետ. ցուցիչ՝ 1.6.201
Ճարտարապետ՝ Մխխայիլ ֆոն դեր Նոննե, Զ. Գևորգյան

Շենքը գտնվում է Ամիրյան (նախկին Նազարյան, Նազարովսկայա) փողոցի և Հանրապետության հրապարակի հանգույցում՝ կառավարական երկրորդ տան կողքին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց։

Գիմնազիայի պատմությունը սկսվում է XIX դարի 30-ական թվականներից, երբ Հայկական մարզի ստեղծումից հետո՝ 1832 թ. հունվարի 14-ին, բացվեց երկրամասի առաջին պետական կրթական հաստատությունը՝ Երևանի գավառական ուսումնարանը (1832-1868), որի տեսուչը 1843-1848 թթ. եղել է Խաչատուր Աբովյանը։ Ուսումնարանի հիմքի վրա կազմավորվել է Երևանի արական դասական պրոգիմնազիան (1868-1881), իսկ վերջինիս հիման վրա էլ 1881 թ. մարտի 3-ին ստեղծվել է Երևանի արական դասական գիմնազիան (1881-1921)։ Ուսման բարձր վարձի պատճառով այն մատչելի է եղել միայն ունևոր խավի համար։ 1885 թ. կրթօջախը լիովին կազմավորվել է՝ ունենալով 1 նախապատրաստական և 8 հիմնական դասարան, և տվել է իր առաջին 6 շրջանավարտներին։

Սկզբնական շրջանում գիմնազիան տեղակայված էր Կոլուբյակինի պարտեզի (այժմ՝ Շահումյանի անվան պուրակ) հյուսիսային անկյան դիմաց՝ Ե. Քալանթարյանի մեկհարկանի շենքերից կազմված համալիրում, որը ուսումնական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 1880 թ. վերակառուցվել էր Երևանի նահանգային ճարտարապետ, ազգությամբ գերմանացի Միխայիլ ֆոն դեր Նոննեի նախագծով։

1896 թ. գիմնազիան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Նազարյան փողոց՝ Զ. Գևորգյանի և Մ. ֆոն դեր Նոննեի նախագծով ու ղեկավարությամբ կառուցված գիմնազիական շենքեր։ Այդ ժամանակ գիմնազիան ունեցել է 25 հոգուց բաղկացած ուսուցչական անձնակազմ և ավելի քան 250 աշակերտ։ Հետագա երկու տասնամյակներում այդ թիվը եռապատկվել է։ Անհրաժեշտություն է առաջացել կառուցելու գիմնազիային պատկանող նոր շենք, որն էլ կառուցվել է Աստաֆյան փողոցում 1911-1915 թթ. (հետագայում՝ Կուլտուրայի տուն, այժմ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ և Թանգարանների շենք, պետ. ցուցիչ՝ 1.6.96.2)։ Շենքի ավարտված մասերը ուսումնական նպատակներով օգտագործվել են 1914 թվականից։

1923 թ. Նազարյան փողոցի շենքն ազգայնացվել է։ Փողոցից ներս կառուցված մասնաշենքում 1921 թ. տեղավորվել են թերի միջնակարգ (առաջին աստիճանի) թիվ 1 և 5 դպրոցները։ 1920 թ. դեկտեմբերին դասական գիմնազիայի հիման վրա ստեղծվել է լրիվ միջնակարգ (երկրորդ աստիճանի) թիվ 2 դպրոցը, որը 1925 թվականից կրում է Խ. Աբովյանի անունը (հետագայում տեղափոխվել է Իսահակյան փողոց)։ 1946-1976 թթ. մասնաշենքում գործել է թիվ 58 դպրոցը, ապա՝ Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտը։

1921 թ. փողոցադիր մասնաշենքում տեղակայված են եղել Երևանի գավառական գործկոմի լուսավորության բաժինը և գիմնազիայի շենքից տեղափոխված մանկավարժական կենտրոնական թանգարանը։ 1922 թ. այստեղ բացվել է Մանկավարժական ինստիտուտը, որը երկու ամիս անց տեղափոխվել է Հռիփսիմյան գիմնազիայի շենք, ապա միացել Երևանի պետական համալսարանին։ 1935 թ. օգոստոսից շենքում գործել է Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը (այժմ տեղափոխված է Նալբանդյան փողոցի 4/1 շենք)։

Արական գիմնազիայի գրադարանի՝ 18 հազար միավորից բաղկացած գրքային ֆոնդը 1921 թ. հանձնվել է պետական հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին, իսկ Խ. Աբովյանի օրոք Երևանի գավառական ուսումնարանում հիմնադրված երկրագիտական թանգարանի նյութերը՝ Հայաստանի պետական թանգարանին։

1940-ական թվականներին, կառավարական երկրորդ տան կառուցման հետ կապված, քանդվել է շենքի աջ թևը։ 1977 թ. շենքը վերակառուցվել է։ Նախասրահի պատերը երեսապատվել են կարմիր տուֆով, հատակը ծածկվել է մարմարով, հարդարվել է դահլիճի ինտերիերը։

Համալիրը բաղկացած է եղել ոչ մեծ բակի շուրջ խմբավորված երկու երկհարկանի և մեկ միհարկանի մասնաշենքերից։ Առաջին մասնաշենքը, որը հատկացված է եղել վարչական, հանրակացարանային և մասամբ նաև ուսումնական նպատակների համար, տեղադրված է եղել փողոցի կարմիր գծի վրա, իսկ թևաշենքը պարփակել է բակը ձախ կողմից։ Երկրորդ մասնաշենքը կառուցվել է ուսումնական նպատակներով և տեղադրվել բակի խորքում։ Երրորդը փոքրիկ օժանդակ կառույց է եղել, որը թեք դիրքով պարփակել է բակը աջ կողմից։ Փողոցի դիրքը թելադրել է հիմնական մասնաշենքերի հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան կողմնորոշումը, հատկապես երկրորդ մասնաշենքի պարագայում։ Վերջինիս մոտ եղել է այգի, որը այդ կողմի դասասենյակները մեկուսացրել է շրջապատի աղմուկից։


Ամիրյան փող. 2/8