ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿՈԹՈՂ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ
1962 թ
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Կոթողը կանգնեցված է Սայաթ-Նովա պողոտայում՝ Նալբանդյան փողոցի հետ խաչմերուկից ոչ հեռու՝ մայթեզրին:
Նվիրված է ուշ միջնադարի հայ աշուղ, բանաստեղծ, աշուղական
արվեստի
անզուգական
վարպետ
Սայաթ-Նովային
(Հարություն (Արութին) Սայադյան, 1712-1795):
Խաչքարի հորինվածքով, ուղղանկյուն, սրբատաշ, կարմիր տուֆից կերտված կոթող է: Մայթին նայող հարթության լայն ու հարթ քիվին փորագրված է Սայաթ-Նովայի բանաստեղծությունից մի քառատող.
«Դուն չասիս, թե էս խիղճ սազանդարն ով ա,
Խոսքիս տերն իմ, հունարըս գրով ա,
Արութինն իմ, ինձ կոսին Սայաթ Նովա,
Հենց բան կոսիմ, վուր ամբերում ձեն հանի»:
Քառատողից ներքև Արարատ լեռան գծանկարն է, որն ամբողջացնում է քիվի հարդարանքը: Կոթողի ստորին դիմային հարթությունն ամբողջովին հարդարված է մեծ ու փոքր վարդերի, կոկոնների ու ցողունների բարձրաքանդակներով:
Փողոցահայաց հարթության քիվին փորագրված է Սայաթ-Նովայի մեկ այլ քառատող.
«Շուռ գանք հանդամով յիրգնային նամով
Թուփը բացվիլ է,
Խաղ կանչինք հանգով լալեքը ռանգով
Վարթը բացվիլ է,
Սուսան սմբուլով ղարիբ բլբուլով
Բաղն լըցվիլ է,
Մութ բաղչեն նազով քիզ գովիմ սազով,
Յար իլթի մազով»:
Քիվից ցած դարձյալ կոկոններով, ծաղիկներով, տերևներով ու ցողուններով հարդարված հորինվածքը լրացվել են գինու սափորի, գավաթի, գեղանի եղնիկի և երգող հավքի՝ բանաստեղծի կողմից հաճախ գովերգվող պատկերներով:
Չափերն են՝ 2,0 x 1,0 x 0,3 մ:
2018 թ. հունիսին կոթողն ավտովթարից կոտրվել-ընկել է, վնասվել են պոչուկը և քիվը: ՀՀ Մշակույթի նախարարության առաջարկով վերականգնել է Երևանի քաղաքապետարանը, և մի քանի օր անց՝ 2018 թ. հունիսի
18-ին, վերստին տեղադրել իր նախկին տեղում:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան