ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԽԱՉՔԱՐԵՐԻ ՊՈՒՐԱԿ


2014 թ


Քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան

Պուրակը գտնվում է Գարեգին Նժդեհի արձանի ետնամասում՝ Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի, կառավարական առաջին և երրորդ շենքերի դիմաց:  

Շահագործման է հանձնվել 2014 թ. հոկտեմբերի 11-ին: Ձևավորված է երեք ջրավազաններով, շատրվաններով, սիզամարգերով, նստարաններով:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, 2015 թ. ապրիլի 20-ին պուրակում բացվել է «Մշակութային եղեռնխաչքարերի խորհուրդը» վերնագրով բացօթյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում (Անի, Դերջան, Վասպուրական, Բաղեշ-Բիթլիս) և Նախիջևանում (հին Ջուղա, Ճահուկ) ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները: 

Տասնչորսերորդ խաչքարը պուրակում տեղադրվել է 2022 թ., ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի ՀՀ այցելության 20-ամյակին: 

Խաչքարերի պուրակի սկզբնամասում (Նալբանդյան փողոցի կողմից) տեղադրված են նաև սեպագիր արձանագրություններով չորս խոշորածավալ, կոպտատաշ քարաբեկորներ: Արձանագրությունները հատվածաբար ընդօրինակվել են Հին Արևելքի հզոր պետություններից մեկի՝ Վանի (Բիայնիլի) թագավորության տիրակալներ Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) Խորխոռյան և Սարդուրի Բ-ի (մ.թ.ա. 764-735 թթ.) սեպագիր տարեգրություններից: Այստեղ են նաև Խորխոռյան տարեգրությունից Էրեբունի ամրոցի (մ.թ.ա. 782 թ.) և Արգիշտիխինիլի  քաղաքի (մ.թ.ա. 776 թ.) կառուցման մասին տեքստերի կրկնօրինակները:

Իբրև շինանյութ օգտագործվել են գորշ բազալտը, սև, կարմիր և դարչնագույն տուֆը: Տեղադրված բոլոր կոթողների հեղինակը քարգործ-վարպետ Արտակ Համբարձումյանն է:

Խաչքարերի պուրակը երևանցիների հանգստի սիրելի վայրերից է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խաչքարերի պուրակ