ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակութային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճելի ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Հարիսա
Հարիսան ազգային խոր արմատներ ունեցող ծիսական և տոնական ուտեստ Է, որը պատրաստվում է հանդիսավոր օրերին՝ որպես միասնության, առատության և բարօրության խորհրդանիշ։ Ուտեստը պատրաստում են ցորենի ձավարով և մսով (հավ, ոչխար կամ տավար), որոնք երկար ժամանակ եփում են ջրով՝ անընդհատ հարելով փայտե թիակով, մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Մատուցման ժամանակ հարիսայի վրա լցնում են հալած յուղ։ Այս բաղադրությունը կապված է ցորենի պաշտամունքի հետ՝ որպես կյանքի և ազգի հարատևության խորհրդանիշ։ Ավանդության համաձայն՝ երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս է գալիս Խոր Վիրապից և գալիս Վաղարշապատ, որոշում է կոչունք կազմակերպել, այսինքն՝ հրավեր անել ու հյուրասիրել եկեղեցու շուրջ հավաքված ժողովրդին։ Ուտեստի պատրաստման համար ոչխարներ է մորթել տալիս ու կանչում երիտասարդներին, որպեսզի հարեն կերակուրը․ «Հարե՛ք սա»: Այդ արտահայտությունից էլ, ծագել է «հարիսա» անվանումը։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական գինիներ` թաքնված գոհար գինու սիրահարների համար
Հայաստանը աշխարհի գինեգործության ամենահին կենտրոններից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գինեգործությունը ոչ միայն արհեստ է, այլ մշակույթի մի մաս։
2007 թվականին Արենի գյուղի մոտ գտնվող Արենի-1 (Թռչունների) քարայրում հնագետների արշավախումբը հայտնաբերեց աշխարհի ամենահին գինեգործական համալիրը։ Այստեղ գտնված անոթները՝ գինու մնացորդներով, խաղողի կորիզներով և գինեգործական գործիքներով, կարասները ու ճմլարանը վկայում են, որ Հայաստանում գինի արտադրվել է դեռևս մ.թ.ա. 6000 տարի առաջ։ Այդ առիթով Հայաստանը 2011 թվականին ճանաչվեց գինու արտադրության հնագույն երկիր։
Ըստ Աստվածաշնչյան ավանդության՝ Նոյը, իջնելով Արարատ լեռից, տնկել է առաջին որթատունկը՝ հիմք դնելով գինեգործության ավանդույթին Հայաստանի տարածքում։ Հույն պատմիչներ Հերոդոտոսը, Քսենոփոնը և Ստրաբոնը հիշատակում են, որ հայկական գինիներն ու ոգելից խմիչքները հնուց արտահանվել են հարևան երկրներ՝ իրենց բարձր որակի շնորհիվ: