ՏՈՒՐԵՐ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ


Թումանյան փողոցը լի է թեյարաններով, սրճարաններով և ռեստորաններով:

Card image cap

Թումանյան փողոցը անվանափոխվել է մի քանի անգամ, 19-րդ դարի սկզբին՝ նախքան Հոկտեմբերյան հեղափոխությունը, կոչվում էր Դոկտորսկայա (Բժշկական), 1920թ. անվանակոչվել է Ստեփան Ալավերդյանի անվան, 1954թ.՝ Լենինի և, վերջապես, 1961թ.-ից այն կրում է  Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ, Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի անունը (1869-1923 թթ.)։

Այս փողոցով ձեր զբոսանքը սկսելու լավագույն վայրը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն է, որը գտնվում է Հովհ. Թումանյանի թանգարանի հարևանությամբ։ Համալսարանի մուտքի դիմաց դուք հնարավոր է տեսնեք մի խումբ տղաների, ինչը զվարճալի է, քանի որ այս համալսարանի ուսանողները հիմնականում կանայք ու աղջիկներ են։ Ինչևէ, ուսանողուհիների ու նրանց երկրպագուների «բախտը բերել է», քանի որ Թումանյան փողոցը լի է սրճարաններով ու բարերով, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել։

Փարպեցի փողոցի անկյունում՝ Թումանյան 40 հասցեում, նկուղային հետաքրքիր ակումբ կա՝ «The Club» անվամբ։ Վերջինս կոկիկ տարածք է, որտեղ գործում է սրճարան, ռեստորան, թեյարան և, նույնիսկ, հուշանվերներ և արվեստի գրքեր վաճառող փոքրիկ խանութ: Ինտերիերի դիզայնը միաժամանակ և՛ դասական է, և՛ անկանոն։ Այստեղ հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ և երաժշտական միջոցառումներ: Ուշադրություն դարձրեք նաև ակումբի կողքի փոքրիկ խանութին, որից եկող սուրճի բույրը ձեզ անտրաբեր չի թողնի։

«The Club»  ակումբի մոտ է գտնվում Երևանի ամենահայտնի բակերից մեկը, որտեղ նկարահանվել է երևանցիների ամենասիրելի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը»։ Մի քանի րոպե նստելով բակի նստարանին և ուսումնասիրելով անցուդարձը՝ դուք կծանոթանաք երևանցիների բակային կյանքի առանձնահատկություններին։ Այստեղ հարևանները, կարծես, մի ընտանիք լինեն։ Մինչ դուք նստած եք և խորհում եք, հիշեք, որ այդ նստարանին աներևակայելի հայտնի մարդիկ են նստել՝ սկսած տեղի հայտնի դերասաններից մինչև փոփ խումբ, ինչպիսին Boney M-ն է:

Փողոցի այն հատվածը, որը Մաշտոցի պողոտայի և Խանջյան փողոցի միջև է, լի է բազմաթիվ խորտկարաններով։  Քաղաքի սրտում գտնվող «Հին Երևան» ռեստորանը հայկական ազգային համեղ ուտեստներ մատուցող լավագույն ռեստորաններից է և կահավորված է ազգային ոճով։ Մուտքը զարդարում են հայկական գորգերը,  կավե մեծ տարաները, որոնք կոչվում են «կարաս», և ազգային հագուստով կնոջ արձանը։  

Թումանյան փողոցի Կրապի լճի և ԽՍՀՄ հայ մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանի անձանի  (2003, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) մոտակայքում Հյուսիսային պողոտան է։ Այս արձանը տեղադրումից ի վեր քաղաքում բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել։ Ոմանք կարծում էին, որ մեծ, սրածայր քիթը և երաժշտի անբնական երկար մատները գրոտեսկային են։ Բայց մարդիկ կամաց-կամաց վարժվեցին արձանին ու սկսեցին սիրել այն։ Մեր օրերում հանճարեղ կոմպոզիտորի հպարտ կիսադեմի հետ լուսանկարվելը «պարտադիր» է։

Թումանյան փողոցը հայտնի է նաև շաուրմայով (սենդվիչի նման մսի փաթաթան՝ տափակ հացով)։ Մերձավորարևելյան այս ուտեստը Երևանում թերևս ամենատարածված արագ սնունդն է:

Վրացական «Խինկալի» փոքրիկ ռեստորանը նույնպես մեծ սեր է վայելում։ Խինկալին վրացական հայտնի ուտեստ է, որը մսով լցոնված խմոր է: Այստեղ համեղ ուտելիքը, զուգորդված Վերածննդի ոճի յուրօրինակ ինտերիերով, անկասկած, ձեզ կգոհացնի:

Թումանյան փողոցի շենքերի մեծ մասը կառուցվել է 20-րդ դարի կեսերին, սակայն կան ավելի հին շենքեր, օրինակ՝ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում գտնվող համաչափ երկու շենքերը, որոնք ուղղված են դեպի փողոց։ Այս շենքերից մեկում՝ Նալբանդյան 21 հասցեում, գտնվում է կոմպոզիտոր և դիրիժոր, հայկական ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1961թ.։ Թանգարանը լիովին փոխանցում է երաժշտի բնակարանային մթնոլորտը։ Դաշնամուրի, ջութակի և գրասեղանի կողքին թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկն է՝ երաժշտական գործիքը, որը ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը կատակով անվանել է «Սպենդիարոֆոն»: Կաշվե գոտուց և բրոնզե փոքր զանգերից կազմված այս գործիքը հնչել է «Երեք արմավենի» սիմֆոնիայի կատարման ժամանակ՝ վերստեղծելով անապատով անցնող ուղտերի քարավանի ձայնը։ Թանգարանում անցկացվում են տարբեր միջոցառումներ։ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանի աշակերտներն ամեն տարի այցելում են թանգարան, և լավագույն երեք աշակերտներին հնարավորություն է տրվում նվագելու մաեստրոյի գործիքներով։

Թումանյան փողոցում է գործել  օրիորդաց վարժարանը, որը պատերազմի տարիներին դարձել է հիվանդանոց։ 1920թ. այն դարձել է Ալեքսանդր Թամանյանի արհեստանոցը, որտեղ էլ մեծագույն ճարտարապետը նախագծել է քաղաքի գլխավոր հատակագիծը։ Այստեղ իր նիստերն է անցկացրել Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն, որը նույնպես հիմնադրել է Թամանյանը։

Թումանյան փողոցը հարավ-արևելքում ավարտվում է Խանջյան փողոցով։

Տևողություն՝ 2 ժ
Մեկնելու վայրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան
Ժամանման վայրը՝ Խանջյան փողոց
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին

Երթուղի

Սկիզբը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան

  • Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • «Ակումբ» հանգստի և ժամանցի կենտրոն
  • «Մեր բակը» ֆիլմի նկարահանման վայրը.
  • Հայկական ավանդական «Հին Էրիվան» ռեստորան
  • Հյուսիսային պողոտայի սկիզբ
  • Կարապի լիճ
  • Առնո Բաբաջանյանի արձանը
  • Մերձավոր Արևելքի և վրացական խոհանոց
  • Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
  • Ալեքսանդր Թամանյանի արհեստանոց
  • Արևելյան խոհանոց

Վերջ՝ Խանջյան փողոց