ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Ալեքսանդր Թամանյան


Քանդակագործ՝ Ա. Հովսեփյան

Ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան

Նյութ՝ Բազալտ, գրանիտ

Տարեթիվ՝ 1974


Հայ և սովետական ​​ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի շենքերի հեղինակ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում: Հուշարձանը տեղադրվել է 1974-ին, այն կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ 

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի ճարտարապետությունը, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում Հայաստանի մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։



Եղիշե Չարենց


Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին


Նա տեսել է երևի արևային մի քաղաք…

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—

Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։

Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,

Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —

Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,

Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն…

Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,

Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.

Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ

Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ…


1936


Թամանյան փող.