ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՔԱՆԴԱԿ «ՋՐԱՎԱՃԱՌ ՊԱՏԱՆԻՆ» («ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐԸ»)
1970 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.208
Քանդակագործ՝ Հովհաննես Բեջանյան
Ճարտարապետ՝ Սպարտակ Կնտեղցյան
Քանդակը գտնվում է Մ. Խորենացի և Գ. Լուսավորիչ փողոցների միջև: Նախապես տեղադրված է եղել Անգլիական (նախկին Կոմունարների, Թատերական) այգու մուտքի մոտ՝ Ստ. Շահումյանի անվան հրապարակի կողմից:
Քանդակը նվիրված է 1910-1930-ական թթ. Երևանի բուլվարում և Անգլիական այգում ջուր վաճառող տղաներին: XX դ. առաջին տասնամյակներին Երևանն այնքան ջրառատ չէր, ինչպիսին դարձավ հետագայում, և շրջիկ ջրավաճառներն էին լրացնում ջրի պակասը՝ միաժամանակ այդպես հոգալով իրենց հանապազորյա հացը:
Փոքր ավազանի կենտրոնում տեղադրված գլանաձև բազալտե պատվանդանի վրա ջուր ծախող տղայի բրոնզաձույլ արձանն է՝ աջ ձեռքում կուժ, ձախում՝ կավե գավաթ: Պլաստիկ մշակված կիսամերկ, նիհար ու
ճկուն մարմինը, բնական կեցվածքը քանդակին
տալիս են աշխուժություն և դինամիկա: Ընդհանուր բարձրությունը
2,2 մ է:
1993 թ. անհայտ անձինք քանդակն առևանգել են: Որոշ ժանամակ անց այն հայտնաբերվել և վերատեղադրվել է նախկին տեղում, որտեղ այն մնացել է մինչև 2019 թ.: 2019 թ. մայիսին, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի և Շահումյան հրապարակի միջև ընկած հատվածում Երևանի 2800-ամյակին նվիրված այգու հանդիսավոր բացումից առաջ, ջրավաճառ պատանու վերանորոգված քանդակը տեղափոխվել է Անգլիական այգու՝ Պեպոյի արձանի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջև եղած տարածք և տեղադրվել ճեմուղու եզրին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան