ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ
1933-1935 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.147
1933-1935 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Մարգարյան
1953 թ., ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան
Գտնվում է Վարդանանց փողոց, 65 հասցեում` Կենտրոն շրջանի հարավարևելյան մասում: Տարածքում մարզական օբյեկտ կառուցելը նախատեսված է եղել դեռևս 1924 թ. Երևանի առաջին գլխավոր հատակագծում (ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան)։
1931 թ. «Դինամո» մարզական ընկերությունը դիմել է Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդին Երևանում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու խնդրանքով: Խորհրդի որոշմամբ մարզադաշտի շինարարության համար քաղաքային խորհուրդը Երևանի կենտրոնում հատկացրել է 16 հա տարածք: Հիմնադրման օրվանից խաղադաշտը հայտնի էր «Դինամո» անվամբ: 1999 թ. վերանվանվել է «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»։
«Դինամո» մարզադաշտը կառուցվել է 1933-1935 թթ., ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել 1953 թ.՝ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով: Ընդլայնման աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ Գ. Ճգնավորյանը:
Ճարտարագիտական մասը մշակել է Վարոս Փինաջյանը:
Վերակառուցվել է 1963 թ., 1990-ական թթ., վերանորոգվել է նաև 2008 թ.: Տրիբունաների ծածկի (1996-2000 թթ.) հեղինակն է ճարտարագետ-շինարար Գրիգոր Ազիզյանը:
Ունի 14403 նստատեղ: Խաղադաշտի չափերն են՝ 105 × 68 մ:
Առաջին ֆուտբոլային հանդիպումը մարզադաշտում կայացել է 1935 թ. հունիսին, երբ հանդիպել են Երևանի «Սպարտակ» և Մոսկվայի Կարմիր բանակի կենտրոնական տան ֆուտբոլային թիմերը:
Մարզադաշտին կից գործել է մեծ ջրավազան, որն այժմ գոյություն չունի:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան