ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՓ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑ


1926–1928


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.3
Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան

Նախկինում՝ ԻՆՏՈՒՐԻՍՏ, ԵՐԵՎԱՆ

Հյուրանոցը գտնվում է Աբովյան 14 հասցեում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում։ Կիսակլոր հորինվածքը ենթարկված է հրապարակի կոնֆիգուրացիային։ Սկզբնապես այն կոչվել է «Ինտուրիստ», ապա՝ «Երևան», իսկ 2023 թվականից՝ Գոլդեն Թուլիփ Գրանդ Հոթել։

1928–1935 թթ․ շենքի երկրորդ հարկի լյուքս սենյակներից մեկում ապրել է նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցը։

Շենքը կառուցված է XX դ․ սկզբի (1910-ականներ) ռուսական նեոկլասիցիզմի ոճով։ Սկզբում նախատեսված է եղել կառուցել եռահարկ շենք, սակայն շինարարության ընթացքում ավելացվել է չորրորդ հարկը, որը փոխել է կառույցի ճարտարապետական լուծումը։

Հորինվածքում գլխավորն է կիսակլոր անկյունային մասը՝ չորս զույգ սպիտակ, հոնիական ոճի սյուներով, որոնք միավորում են պատշգամբի մեջ խորացող երկրորդ և երրորդ հարկերը։

Այս մասում բացված գլխավոր մուտքը տանում է դեպի ընդարձակ նախասրահ, որտեղ տեղադրված է պլաստիկորեն թեքվող եռաերթ աստիճանավանդակը։ Կողային ճակատի (Աբովյան փողոցի ուղղությամբ) և ամբողջ առաջին հարկի գլխավոր թեման կիսաշրջանաձև կամարներն են, որոնք ձևավորում են խանութների ցուցափեղկերը, ծառայողական սենյակները և ռեստորանը։

Առաջին հարկի ճակատում շարվածքը տուֆից է։ Երկրորդից չորրորդ հարկերում պատերի հարթությունները սվաղված են աղյուսագույն սվաղով, իսկ սյուները՝ սպիտակ գույնով։ Պատերի ֆոնին առանձնանում են սև տուֆից և մոխրագույն բազալտից քիվերի, պատուհանների շրջանակների և պատշգամբների ճարտարապետական տարրերը։

1959 թ․ հյուրանոցին արևելյան կողմից կցակառուցվել է Նկարիչների տունը՝ գլխավոր ցուցասրահով (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։ Ցուցասրահի ճակատը լուծված է որպես հյուրանոցի ճակատի շարունակություն։

Գոլդեն Թուլիփ Գրանդ Հոթել հյուրանոցը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կառուցված առաջին հյուրանոցն է՝ ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ նեոկլասիցիզմի ուղղության վառ օրինակներից մեկը։


Աբովյան փող. 14
+37410 591 600