ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ


1898 թ., վրկնգն.՝ 1905 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.202

Ճարտարապետ՝ Իվան Վագապով, վերականգնող ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Շենքը գտնվում է Ամիրյան փող., 6 (նախկին 28/6) հասցեում:

Գիմնազիան հիմնադրվել է 1850 թ., Կովկասի կանանց բարեգործական «Սբ Նինա» ընկերության երևանյան վարչության միջոցներով: Եղել է պետական հաստատություն, գործել է պետական ծրագրերով, ուսուցումը եղել է ռուսերենով։ Դպրոցի նկատմամբ հսկողությունը դրվել է Երևանի նահանգապետ (1849-1859), գեներալ-մայոր Իվան Նազարովի վրա: Գործուն մասնակցություն է ցուցաբերել փոխնահանգապետ (1849-1861) Նիկիֆոր Բլավատսկին: 1884 թ. Կովկասյան ուսումնական օկրուգի հոգաբարձուի հրամանով ուսումնական հաստատությունը վերակազմավորվել է եռադաս իգարան պրոգիմնազիայի, իսկ 1893 թ.՝ բարեգործական ընկերության շնորհիվ բացվել է չորրորդ դասարանը: 1898 թ. լիովին վերակազ­մա­վորվել է Սբ. Հռիփսիմե օրիորդաց գիմնազիայի՝ նախապատաստական, տարրական, միջին և բարձր 7 հիմնական և ութերորդ լրացուցիչ դասարաններով, 2 բաժիններով (ռուսաց լեզու և մաթեմատիկա): Վերակազմավորումն ավարտվել է 1904 թ.: 1917-1918 ուսումնական տարում գիմնազիայի աշակերտուհիների թիվը եղել է 526, որից՝ 352 հայ և 119 ռուս:

   Հաստատության հեղինակության մեծացմանը զուգընթաց՝ ուսումնական շենքը վերակառուցվել և ընդլայնվել է: 1859 կամ 1860 թ. դպրոցը վարձակալել է Նազարովսկայա (այժմ՝ Ամիրյան) փողոցում գտնվող երկու տուն՝ այգով, Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) և Քարավանատան (այժմ՝ Եզնիկ Կողբացի) փողոցների միջև ընկած թաղամասի հյուսիսարևմտյան մասում, որոնք 1868 թ. ձեռք է բերել իբրև սեփականություն: Այդ նույն տարում փողոցի հակառակ կողմում՝ այժմյան Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում, սկսվել է Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը, և Հռիփսիմյան դպրոցին հատկացված հողատարածքը վերադարձվել է եկեղեցուն: 1879 թ. կառուցվել է շինություն նախապատրաստական դասարանի, գրասենյակի և խոհանոցի համար: 1884 թ. նախօրյակին համալիրի կազմի մեջ էին մտնում գլխավոր մասնաշենքը, 5 դասասենյակները, ննջասենյակները, ճաշարանը, տնօրենուհու բնակարանը՝ 2 սենյակով, ոչ  մեծ կողաշենքը, որտեղ տեղավորված էին դաստիարակների, բուժակի և պահակի կացարանները:

1884 թ. նախագծվել է երկհարկ մասնաշենք (ճարտարապետ՝ Միխայիլ Ֆոն դեր Նոննե), որն, ըստ ամենայնի, չի իրականացվել, բայց 1890-ական թթ. շարունակվել է դպրոցի ընդլայնման գործը: 1892-1893 թթ. բակում կառուցվել է 9 սենյակից բաղկացած երկհարկ կողաշենք (ճարտարապետ՝ Իվան Վագապով): 1898 թ. Նազարովսկայա փողոցի կողմից կառուցվել է գլխավոր մասնաշենքը (Վասիլի Միրզոյանի մասնակցությամբ), որտեղ զետեղվել են դասասենյակները, գրասենյակը, ուսուցչանոցը, գրադարանը, կաբինետները, տնօրենուհու բնակարանը, ճաշարանը և այլն: 1903-1904 թթ. հարևան մասնավոր տան վրա կառուցվել է երկրորդ հարկ, որտեղ տեղավորվել են ննջարանները, իսկ առաջին հարկը վերածվել է դասասենյակների: 1905 թ. համալիրը մեծացել է նկուղով երկհարկանի աջակողմյան թևի (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան) հաշվին: Սրա նկուղային հարկը զբաղեցրել են պահեստները, խոհանոցը, ծառայողական անձնակազմի սենյակները, առաջին հարկը՝ երկու դասասենյակները և ֆիզիկայի կաբինետը, երկրորդ հարկը՝  դաստիարակների երեք սենյակները և մի դասասենյակ, իսկ մասնաշենքի ետնամասում՝ աստիճանավանդակները: Բակում առանձին կառուցվել է հիվանդանոց՝ 3 սենյակով և լոգարանով:

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին շենքն ազգայնացվել է և դարձել հայկական օրիորդաց վարժարան: Ուսուցումը կատարվել է հայերեն, առավել կարևորվել են հայագիտական առարկաները: Շենքի մի մասում գործել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը:

1921-ից վերակազմավորվել է որպես երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց: Խորհրդային տարիներին շենքում գործել են տարբեր կրթամշակութային հիմնարկներ:

Երևանի քաղխորհրդի որոշմամբ 1982 թ. գիմնազիայի շենքը հատկացվել է Երևանի պատմության թանգարանին, որը 1930-ականներից տեղակայված էր Կապույտ մզկիթի տարածքում: Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել միայն 1994 թ. և մնացել մինչև 1997 թ., ապա տեղափոխվել է Ստ. Շահումյանի անվան N 1 դպրոցի մասնաշենք: 1995-ին գիմնազիայի շենքը մասնավորեցվել է, իսկ 1997-ից մինչ օրս մնում է լքված:

Գիմնազիան Ամիրյան փողոցի կարմիր գծի վրա է: Սենյակները կենտրոնացված են ներքին բակի շուրջը՝ կիսափակ կառուցվածքով: Երկհարկ գլխավոր մասնաշենքն ունի ուղղանկյուն հատակագիծ (43.2 x 17.3 մ, չհաշված ելուստները): Դա­սարանների (միջին չափերը՝ 40-50 քառ. մ, բարձրությունը՝ 3.5 մ) միջև կապն իրականացվում է 2.5 մ լայնությամբ մի­ջանցքով: Առանձնացված է ծավալի կենտրոնական մասը: Առաջին հար­կում գտնվում է նախասրահը, որի վրա կառուցված է դահլիճը՝ շրջապատված անտրեսոլով, շքա­սանդուղքով ու պտուտաձև աստիճաններով սանդղավանդակով: Շենքին հարող աջ թևի հա­տա­կագիծը սրահավոր տիպի է: Գլխավոր՝ հարավ-արևմտյան ճակատը սիմետրիկ է, գերիշխող կենտրո­նով, որի առանցքով տեղադրված է շքամուտքը: Երկրորդ հարկում կան կամարակապ, բարձր, երեք բացվածքներ: Մնացած պատուհաններն ուղղանկյուն են, շրջակալներով: Մշակված է կոպտատաշ քարով: Ինքնատիպ է ինտերիերի դեկորատիվ հարդարանքը. մի քանի պարզումներով դուրս եկած քիվեր, պատվանդանների վրա սյուներ, տե­րևաքանդակներ ու վարդյակներ պարունակող գալարներով բարդ խոյակներ: Յուրօրինակ են ներ­քին սանդուղքների մետաղե բազրիքների զարդերը:

Փողոցի կողմի ճակատն աղյուսից է, ցեմենտե սվաղով: Մնացած պատերը քարից են, ծածկերը հարթ են, փայտից: Տանիքները թեք են, միջին մասում՝ գոգավոր:

Շենքի ներսում կատարվել են վերափոխումներ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ամիրյան փող. 28/6